.jpg)
Խաղահրապարակներ՝ սահմանամերձ գյուղերում. «Հուսով ենք՝ սա վարակիչ կլինի»
Նախորդ տարի «Փրոմոթո» մարքեթինգային ընկերության և «Բլոգնյուզի» նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանի դարպասներ» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցել սահմանամերձ գյուղերի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում շուտով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Ոսկեպար համայնքներում, ինպես նաև Արցախի Մարտակերտ քաղաքում կսկվի խաղահրապարակների շինարարություն, որոնք նախատեսված են ոչ միայն տեղի երեխաների, այլև՝ երիտասարդների համար: «Հայաստանի դարպասների» իրակացված ու իրականացվող նախագծերի մասին զրուցեցինք «Փրոմոթո» մարքեթինգային ընկերության տնօրեն Արման Հայրապետյանի հետ:
-Արման, երբ ու ինչպե՞ս որոշեցիք սահմամաներձ գյուղերին աջակցող ծրագիր սկսել:
-«Հայաստանի դարպասները» ծրագրի մեկնարկը տրվել է դեռ անցյալ տարի, երբ սահմանամերձ Չինարի գյուղի մինչև 14 տարեկան 54 երեխաների բերեցինք Երևան՝ «Երկու օր հեքիաթում» նախագծի շրջանակներում: Այս այցելությամբ նպատակ ունեինք կապ ստեղծել քաղաքի ու սահմանամերձ գյուղի երեխաների միջև: Առաջին հերթին ցանկանում էինք ցույց տալ, որ մենք իրենց կողքին ենք ու փորձում ենք գոնե երկու օրով հեքիաթային, ուրախ ժամանակ նվիրել իրենց՝ ստիպելով մոռանալ գյուղում հնչող պարբերական կրակոցների մասին: Այս նախագիծն իրականացրեցինք «ԱրմենՏել» ընկերության, «Կիլիկիա» գործարանի, «Ջրաշխարհի», «Ալլադին» ժամանցի կենտրոնի, «Լյուսինկա» ժամանցի կենտրոնի ու այլ ընկերությունների աջակցությամբ: Դեռ այն ժամանակ որոշեցինք, որ բացի այս այցելությունը, գյուղում պետք է ստեղծենք ինչ-որ մնայուն, նյութական բան: Քննարկելով գաղափարը Չինարիի գյուղապետի հետ՝ որոշվեց որ դա պետք է խաղահրապարակ լինի: Բացի այդ պետք է վերանորոգվի դեռ խորհրդային ժամանակներից գյուղում մնացած լողավազանը: Ավելի ուշ որոշվեց Չինարիին զուգահեռ խաղահրապարակ կառուցել ևս մեկ սահմանամերձ գյուղում՝ Ոսկեպարում: Մոտ մեկ ամիս առաջ այցելություն կազմակերպեցինք այս գյուղեր, որպեսզի տեղում չափումներ արվեն ու աշխատանքները հստակեցվեն: Իմանալով մեր այցելության մասին մի շարք ընկերություններ ցանկացան մեզ հետ նվերներ փոխանցել այնտեղի բնակիչներին: Օրինակ՝ «Herbaland» կանադական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը գյուղերի երեխաներին փոխանցեց բնական հումքով պատրաստված վիտամինների մեծ քանակ: «Լևոն և Լամարա» ընկերությունը բժշկական սարքավորումներ ուղարկեց, «Բեկոն» մսամթերքի ընկերությունն իր արտադրանքի տեսականին ուղարկեց Ոսկեպար գյուղի մանկապարտեզին ու դպրոցին, «Castorland» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն էլ փոխանցեց գրքեր և փազլներ: Ինձ հատկապես շատ ուրաացնում է այն փաստը, որ շատերն իրենք են դիմում մեզ ու առաջարկում իրենց օգնությունը սահմանամերձ գյուղերին: Չինարիում ու Ոսկեպարում բացի մեր չափումները կատարելուց, շփվեցինք նաև տեղի հզոր մարդկանց հետ: Հանդիպեցինք նաև այլ գյուղերի բնակիչներին: Վստահ ենք, որ այդ գյուղերն էլ առաջիկայում կընդգրկվեն մեր ծրագրում:
-Ձեր Facebook-ի էջում հաճախ ենք կարդում խաղահրապարակների կառուցման ծրագրի մասին: Հատկապես հաճախ եք նշում, որ կան ընկերություններ, որոնք արդեն իրենց օգնությունն են առաջարկել այս գործում: Կպատմե՞ք ինչ օգնության մասին է խոսքն ու ինչի՞ կարիք դեռ կա:
-Արձագանքողներն իսկապես շատ են: Շատ է ուրախացնում այն, որ ընկերություններից բացի մեզ են դիմում տարբեր անհատներ, ովքեր առաջարկում են անձամ իրենց օգնությունը: Օրինակ վերջերս մեկն, ով ունի միկրոավտոբուս, առաջարկեց իր օգնությունը՝ ոչ աշխատանքային օրերին շինանյութերի տեղափոխման հարցում: Մեկ ուրիշն առաջարկել է ծառեր, ծաղիկներ՝ ապագա խաղահրապարակի տարածքը գեղեցկացնելու համար: Բացի այդ դիմել ենք մի շարք ընկերությունների, որոնք արդեն դրական են արձագանքել: Օրինակ «Մետալ Ստիլ» ընկերությունը սիրով համաձայնել է խաղահրապարակների մետաղական հատվածների համար անհրաժեշտ խողովակներ ու մետաղական կոնստրուկցիաներ տրամադրել: Դիմել էինք «Սարդ» խանութների ցանցին, քանի որ մեզ խաղահրապարակների համար պետք էր ներկալաքային շինանյութ՝ խաղահրապարակներին վառ և ուրախ տեսք տալու համար: Այս ընկերության կողմից, ճիշտն ասած, սկզբում եղավ շատ լավ արձագանք: Բայց արդյունքում այն մեր սպասելիքներից 10-15 անգամ ավելի շատ ներկ ու այլ նյութեր տրամադրեց: Ներկերն այնքան շատ են, որ կկարողանանք ոչ միայն խաղահրապարակները ներկել, այլև՝ թարմացնել հարակից շինությունների գույները: Բացի այդ մեզ միացավ նաև «Շեն Հոլդինգ» ընկերությունը, որը խոստացել է մեծ քանակի սալիկներ տրամադրել, որոնք Ոսկեպարի դեպքում կօգտագործվեն խաղահրապարակի հատվածում, իսկ Չինարիում՝ դրանցով կպատենք վերանորոգված լողավազանի հարակից տարածքը:
-Ծրագրի մեկնարկից ամիսներ անց որոշվեց, որ Չինարիից ու Ոսկեպարից բացի խաղահրապարակ եք կառուցելու նաև Արցախում: Ո՞րտեղ է այն լինելու:
-Այո, ես վերջերս եմ վերադարձել Արցախից: Իմանալով, որ Արցախի Մարտակերտ քաղաքում Շուշան Պետրոսյանի ջանքերով վերանորոգվում է տեղի Մշակույթի կենտրոնն ու Մարտակերտն այսպիսով դառնալու է շրջակայքի մշակութային կենտրոն՝ որոշեցինք, որ հենց Մշակույթի կենտրոնի հարևանությամբ այստեղ էլ կկառուցենք խաղահրապարակ: Հատկապես, որ մեզ տրամադրված ներկերը լիովին կբավարարեն նաև երրորդ խաղահրապարակի համար: Այնպես որ Չինարիի ու Ոսկեպարի խաղահրապարակներին զուգահեռ կկառուցենք նաև Մարտակերտինը:
-Ասացիք, որ համապատասխան չափումներն արդեն արվել են: Ե՞րբ կսկսվեն շինրարարական աշխատանքներն ու վերջնական արդյունքում ի՞նչ տեսք են ունենալու խաղահրապարակաները:
-Խաղահրապարակն այս դեպքում պայմանական անվանում է: Իրականում այն նախատեսված է ոչ միայն երեխաների համար: Տարբեր տեսակի ճոճանակներից բացի դրանցում լինելու են նաև մարզասարքեր, որպեսզի գյուղերի երիտասարդները կարողանան մարզվել դրանց օգնությամբ: Լինելու են նաև հարակից տաղավարներ ու նստարաններ՝ ավելի տարիքով գյուղացիների համար: Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքների մեկնարկին՝ նախատեսվում է դրանք սկսել արդեն մոտ օրերին: Ճիշտն ասած, մի փոքր խնդիր կա մետաղների ու մնացած շինանյութերի տեղափոխման հետ կապված: Այդ պատճառով փորձում ենք գտնել անհատներ կամ ընկերություններ, որոնք մեզ կաջակցեն նաև տեղափոխման հարցով: Բացի այդ հիմա մենք կարիք ունենք նաև այլ շինանյութերի, օրինակ՝ ցեմենտի, որը շատ մեծ քանակությամբ պետք է Չինարիի լողավազանի վերականգնման համար կամ՝ օրինակ մետաղական ցանցի, որն ամրացվում է լողավազանի պատերին ու հիմք ծառայում ցեմենտի համար: Թվում է՝ սա մանրուքներ են, բայց ամեն դեպքում, երբ իրար ես գումարում զգալի գումար է ստացվում ու շատ լավ կլիներ, եթե այս շինանյութերով ևս որևէ մեկը կարողանար մեզ օգնել:
Ցանկանում եմ մեկ անգամ էլ շեշտեմ՝ շատ կարևոր է, որ մենք սահմանամերձ գյուղերի կողքին լինենք, քանի որ դրանք իսկապես մեր երկրի դարպասներն են: Ինչպես տեղի գյուղացիներն են սահմանապահ զինվորի թիկունքը, այնպես էլ մենք պիտի նրանց համար ամուր թիկունք լինենք: Բացի այդ հույս ունենք, որ այս ծրագիրը լինելու է վարակիչ ու մարդիկ տարբեր այլ ծրագրերով կգնան սահմանամերձ գյուղեր: Կամ կգնան ուղղակի՝ թեկուզ առանց որևէ ծրագրի, տեղի մարդկանց շնորհակալություն հայտնելու ու սատարելու: Կգնան կանգնելու երկրի իրական հերոսների կողքին:
ՀԳ. Չինարի, Ոսկեպար գյուղերում և Մարտակերտ քաղաքում խաղահրապարակների կառուցմանն ինչ-որ կերպ օգնել ցանկացող մարդիկ, կարող են դիմել «Փրոմոթո» մարքեթինգային ընկերության տնօրեն Արման Հայրապետյանին: