.jpg)
Ռուս-չինական գազային պայմանագիրը Կրեմլի ժեստն էր` ուղղված Արևմուտքին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց ռուս-չինական գազային պայմանագիրը, որն արդեն իսկ որակվել է որպես պատմական պայմանագիր:
Գազպրոմ ընկերության և չինական CNPC-ի միջև 30 տարվա պայմանագիր է կնքվել, որով ռուսական ընկերությունը պարտավորվում է տարեկան 38 միլիարդ խմ գազ առաքել Չինաստան: Պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 400 միլիարդ դոլարի սահմաններում:
Պուտինի այցը Չինաստան տեղի է ունենում աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների՝ ուկրաինական ճգնաժամի և Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների աննախադեպ լարվածության ֆոնին: Արևմուտքը Ղրիմի համար ցանկանալով պատժել Մոսկվային տնտեսական պատժամիջոցներ է կիրառում, փորձելով հարվածել առաջին հերթին ռուսական տնտեսության աքիլեսյան գարշապարին՝ էներգետիկ ոլորտին:
Արևմտյան մայրաքաղաքներից հնչել են բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, որոնք վերաբերվում են ԵՄ-ի՝ ռուսական գազից կախվածության թուլացմանը, ինչը կհարվածի ռուսական տնտեսությանը: ՌԴ-ի բյուջեի հիմնական հոսքերը ապահովվում են գազի և նավթի վաճառքից:
Արևմուտքից հնչող մեսիջների և ավելի բազմաշերտ պատժամիջոցների կիրառման վտանգի առջև կանգնած ՌԴ-ը որոշում կայացրեց 180 աստիճանով շրջվել դեպի Արևելք՝ խորացնելով առևտրա-տնտեսական և ռազմավարական հարաբերությունները աշխարհի թիվ 2 տնտեսությունը ունեցող Չինաստանի հետ:
Չինական կողմը ունի էներգետիկ՝ նավթ, գազ, հանքահումքային ռեսուրսների պահանջարկ և այդ պահանջարկը մոտակա տարիների ընթացքում դինամիկ կերպով աճ է ապրելու: Չինական հսկա տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ռուսական ռեսուրսները:
Ռուսներն էլ Արևմուտքից ֆինանսական հոսքերի կրճատման ֆոնին հնարավոր սոցիալ-տնտեսական ցնցումներից երկիրը զերծ պահելու համար գնացին չինական կողմի հետ գազային պատմական համաձայնագրի կնքմանը:
Գազային համաձայնագրի շուրջ քննարկումները տևել են 10 տարի և կողմերը չէին կարողանում գնի հարցում գալ համաձայնության: Նախօրեին հայտարարություններ հնչեցին, որ գնի հետ կապված տարաձայնությունների պատճառով գազային պայմանագիր չի կնքվի: Սակայն մի քանի ժամ տևած բանակցություններից հետո ՌԴ-Չինաստան գազային համաձայնագիրը կնքվեց:
Հավանաբար, համաձայնագրի կնքումը ավելի շատ քաղաքական կամքի և պետությունների ղեկավարների բանակցողներին իջեցված հրահանգների արդյունք է, քանի որ ռուսներին այս բազմամիլիարդանոց և տասնամյակներ շարունակ բյուջետային հոսքեր ապահովող համաձայնագիրը օդի պես անհրաժեշտ էր:
Համաձայնագրի որոշ մասեր, մասնավորապես, գազի գնի հարցը պահվում է գաղտնի և պատահական չէ, որ Գազպրոմ ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը նշել է, որ գազի գինը կոմերցիոն գաղտնիք է: Հավանաբար գազի գնի հարցում ռուսները գնացել են որոշակի զիջումների՝ Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ չինական կողմը օգտագործել է գնի հարցում որոշակի զիջումներ կորզելու համար:
Գազային պայմանագրի կնքումը Կրեմլի կողմից Արևմուտքին ուղղված աշխարհաքաղաքական ժեստ էր՝ առանց Արևմուտքի Մոսկվան կարող է ապահովել իր կենսունակությունը և տնտեսական աճ ապահովել, իսկ Եվրոպայի համար կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ռուսական գազին այլընտրանք գտնելը բարդ է:
Պատահական չէ, որ ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի թերթաքարային գազի գինը ԵՄ-ի համար 2 անգամ ավելի թանկ կլինի՝ գազամուղների միջոցով ՌԴ-ից ԵՄ առաքվող գազից: Արևմուտքին, առաջին հերթին ԵՄ-ին բավականին բարդ կլինի ապահովել գազի այլընտրանքային ուղիների կառուցումը հակասություններով լի և պայթյունավտանգ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկա՝ (Մահրիբ), Հարավային Կովկասի և այլ տարածաշրջաններից: