Գեղարոտ գետի ջուրը դարչնագույն է դարձել` ջուրը չի ինքնամաքրվում
22/05/2014 18:30

Գեղարոտ գետի ջուրը դարչնագույն է դարձել` ջուրը չի ինքնամաքրվում

Արագածոտնի մարզում գտնվող Գեղարոտ գետի ջուրը, հողը համալիր փորձաքննության պետք է ենթարկել: Այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արագած գյուղի տարածքում Գեղարոտ գետի ջուրը դարչնագույն էր դարձել, ենթադրվում էր, որ ջրի նման փոփոխության պատճառը Գեղարոտ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երն են: Տեսակետ կար, որ ջրի գույնի փոփոխությունը երկրաշարժի նշան է, որը հերքվել էր:

Ա. Վարդանյանը փոխանցեց, որ ՀԷԿ-ը չի կարող ազդել գետի ջրի որակական կազմի վրա, կարող է հունի վրա ազդել, նաև ներկայացրեց մասնագետների տեսակետը, ըստ որի` ՀԷԿ-երի մի քանի կմ ձգվող խողովակները թույլ չեն տալիս գետը ինքնամաքրվել, որը նախկինում կատարվել է:

Աղբյուրը կրկին շեշտեց երկրաբանական ուսումնասիրության անհրաժեշտության մասին, նշելով, որ նախարարությունը ուսումնասիրություններ կանցկացնի, սակայն քիմիկոսների և այլ մասնագետների հետազոտությունը ևս անհրաժեշտ է:

Արմեն Վարդանյանը վստահեցրեց, որ ՀԷԿ-երի տարածքում պահպանվում է գետի էկոլոգիական թողքը, սակայն մամուլում լուսանկարներ են հրապարակվել Գեղարոտ գետի տարածքից, որոնցիցի պարզ է դառնում, որ էկոլոգիական թողք ասվածը երևի թե պահպանվում է միայն գերատեսչական այցելությունների ժամանակ:

Նշենք, որ Քասախի աջ վտակ Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» և «Արագած-1» ՓՀԷԿ-երը, նախատեսվում է գետի վրա կառուցել «Ալպիական-1» և «Լուսարփի» ՓՀԷԿ-երը:
 

Գեղարոտ գետի ջուրը դարչնագույն է դարձել` ջուրը չի ինքնամաքրվում