.jpg)
Մի բանկից` մյուս բանկին. Այսպես էլ ապրում են
Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում Ցոլակ Հակոբյանը 4500 քառ կմ-ի վրա ելակ է մշակում, բերքից այնքան էլ գոհ չէ, նախորդ տարի ավելի առատ էր բերքը: Ելակի սակավ բերքատվությունը հողօգտագործողը կապում է կլիմայի փոփոխության, նաև ոռոգման ջրի խնդրի հետ:
«Տեսեք, ելակի թփերը կան, բայց բերք չկա վրան, քիչ է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ց. Հակոբյանը ցույց տալով դաշտում` թաղանթապատ ջերմատներում աճեցվող ելակի շարքերը: Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդրին, նշեց, որ այս տարի ոռոգման ջրի վիճակն ավելի վատ է, քան նախորդ տարի, անգամ ասել են, որ աշնանացան չկատարեն. Հնարավոր է ջուր չլինի: Ցույց տվեց հարևանությամբ աճող ցորենի դաշտը. Զգացվում էր, որ ոռոգման ժամանակն է, սակայն ինչպես պնդեց Հակոբյանը, ջուրը չի բավականացնում, որ կարողանան ժամանակին ոռոգեն:
Ելակը 5-6 օրը մեկ անգամ պետք է ոռոգել, եթե շատ շոգ եղանակ է, ապա՝ ավելի հաճախակի: Ջրբաշխը համագյուղացիներին հերթով է ջուր բաշխում, սակայն ջրի սակավության պատճառով ոռոգումը դժվար է կատարվում:
Նշենք, որ Գեղակերտ համայնք այժմ ջուր հասնում է Սևանից, իսկ տարածքով հոսող Քասախ գետի հունը հիշեցնում է ճահճային տարածք, որի հիմնական բնակիչները գորտերն են ու ճահճասեր բույսերը:
Ցոլակ Հակոբյանը ելակը տեսակավորում և վաճառում է անմիջապես Երևան-Արմավիր մայրուղու հարևանությամբ, ասում է, որ խոշոր ելակի մեկ կգ-ն վաճառում է 800-1000 դրամ: Դիտարկմանը, որ մայրաքաղաքում ելակի գինն ավելի բարձր է նշեց, որ բարձր գնով իրացնում են վերավաճառողները:
Գեղակերտցիները մշակում են ելակի Ոսկեվազ սորտը, բերք լինում է շուրջ 15-20 օր, որից հետո հնձում են ելակի թփերի վերին հատվածը և թողնում, որ հաջորդ տարին բերք տա: Ցոլակ Հակոբյանը ևս այդպես է վարվելու, հույս ունի, որ հաջորդ տարի հնարավոր է ելակը առատ բերք տա, քան այս տարի:
Հողօգտագործողը նշեց նաև, որ ելակը պարարտացնում է օրգանական և հանքային պարատանյութերով, չի օգտվում գյուղատնտեսության նախարարության մատչելի պարարտանյութի ծրագրից, քանի որ մեկ անձնագրի դիմաց 5 պարկ պարարտանյութ են տալիս, իսկ իրեն ավելին է պետք:
12 մլն դրամի վարկ ունի Հակոբյանը, յուրաքանչյուր ամիս պետք է 600 000 վճարի, ամիս է լինում, որ չի կարողնում վարկը մարել, այդ ժամանակ ստիպված այլ բանկից է վարկ վերցնում, որ այս վարկի գումարը փակի. Ու այսպես ապրում են արդեն երկու տարի` մի բանկից` մյուս բանկին: Իսկ թե ինչո՞ւ է այդքան վարկ վերցրել, պատասխանեց, որ ջերմատուն մշակելը ծախսատար է և ստիպված վարկեր է վերցնում: