Վարդենիկի ավագ դպրոցի աշակերտները դիմել են Վերաքննիչ դատարան
23/05/2014 17:47

Վարդենիկի ավագ դպրոցի աշակերտները դիմել են Վերաքննիչ դատարան

Վարդենիկի ավագ դպրոցի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի, Արկադի Պողոսյանի պաշտպան Ալիկ Ստեփանյանը Վերաքննիչ բողոք ներկայացրել` պահանջելով ամբողջությամբ բեկանել և փոփոխել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանը դպրոցի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանին 1, իսկ Արկադի Պողոսյանին և Աբրահամ Շահինյանին 6 ամսվա ազատազարկման է դատապարտել:

Ըստ նրանց առաջադրված մեղադրանքի՝ Մեսրոպ Գրիգորյանին, Աբրահամ Շահինյանին և Արկադի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 13:30-ի սահմաններում նախնական համաձայնության գալով միմյանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են ուսուցիչ Սևակ Բադալյանի հետ և ծեծի ենթարկել վերջինիս:

Ավելի վաղ դպրոցի տնօրեն Կամո Բադալյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով դատավճռին, ասել էր. «Իհարկե, զարմացած եմ, ո՞վ նման բան կսպասեր: Ես դատարան նրանց վերաբերյալ դրական բնութագիր եմ ներկայացրել, և իհարկե, այն, որ երեխաներին դատապարտել են ազատազրկման, ինձ համար անսպասելի էր և ես չէի ցանկանա նման բան: Բայց կարծում եմ, ազատազրկման պատճառը այն էր, որ ի սկզբանե սխալ մարտավարություն էր ընտրվել և փոխանակ ընդունելու, որ նման բան են արել, նրանք իրենց մեղավոր չէին ճանաչում»,- ասաց Կ. Բադալյանը:

Ուսուցիչը, որին ծեծել են աշակերտները, Կամո Բադալյանի երկվորյակ եղբայրն է՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանը:
«Եղբորս ծեծել են իր աղջկա ներկայությամբ, նույնիսկ աղջկան են հարվածել, բայց ես չեմ ցանկանում, որ նրանք լինեն անազատության մեջ, քանի որ նրանք իմ աչքի առաջ են մեծացել»,- ասել էր նա՝ նշելով, որ դեմ է նաև նրան, որ այդ երեխաներին աստվածացնեն, իսկ նրանց քայլը որպես հերոսություն ներկայացնեն:

Նախորդող հրապարարակում` Վարդենիկի դպրոցի տնօրեն. Կան մարդիկ, ովքեր ուզում են իմ պաշտոնը ստանձնել 

Վարդենիկի ավագ դպրոցի աշակերտները դիմել են Վերաքննիչ դատարան