Արփինե Գաբրիելյանը՝ ոգևորիչ առաջարկի, ապրած հիասթափությունների մասին
26/05/2014 19:44

Արփինե Գաբրիելյանը՝ ոգևորիչ առաջարկի, ապրած հիասթափությունների մասին

Մասնագիտությամբ դերասանուհի, իսկ հանրությանը որպես հաղորդավարուհի ներկայացող Արփինե Գաբրիելյանը, ով վերջին շրջանում իր գործունեությունը ծավալում է նաև ԱՄՆ-ում, նշում է, որ նման հսկա և առաջատար երկրում հաջողությունների հասնելը հոգեբանորեն դժվար է, բայց` հաղթահարելի: Life.panorama.am-ը Արփինեի հետ զրուցել է նրա ներկայիս գործունեության, առաջիկա ծրագրերի մասին, քննարկել նաև մի քանի կանացի հարցեր:

-ԱՄՆ - ում և Հայաստանում միաժամանակ ստացվո՞ւմ է գործունեություն ծավալել: Արդյոք այդ առումով երկու երկրներից մեկը չի՞ տուժում:

-Փորձում եմ համատեղել Հայաստանի և ԱՄՆ-ի գործունեությունս: Իհարկե, հնարավոր է՝ որոշ բացթողումներ լինեն՝ կապված իմ բացակայության հետ, բայց ամեն բան անում եմ, որպեսզի հասցնեմ աշխատել բոլոր այն նախագծերում, որոնցում ընդգրկված եմ:

-Բացի «Global Arts» ընկերության հետ համագործակցելուց` ԱՄՆ - ում ուրիշ ինչո՞վ եք զբաղված:

-Բացի այդ՝ ԱՄՆ-ում նկարահանում ենք «Pop հանրագիտարանը»: Ինչպես նաև ինքս փորձում եմ որոշակի գործունեություն ծավալել, հուսով եմ՝ հաջողություններ կունենամ:

-Առաջին լուրջ դժվարությունը, որին բախվեցիք այդտեղ, ո՞րն էր:

-Այստեղ շատերն են լուրջ դժվարությունների բախվում: Ինձ հանդիպած խոչընդոտները սահմանափակվել են միմիայն ԱՄՆ-ի մասշտաբային մեծության հետևանքով: Ապրած լինելով Հայաստանում և ապա զրոյից փորձել ԱՄՆ-ի պես հսկա և առաջատար երկրում հաջողությունների հասնել՝ հոգեբանորեն դժվար է: Այնուամենայնիվ, կարծում եմ, ուժեղ մարդը կարող է հաղթահարել այդ դժվարությունը ևս:

-Երգչուհու ձեր կարիերան վերսկսելու մտադրություն չունե՞ք. առաջիկայում նոր երգ, տեսահոլովակ սպասե՞նք:

-Իհարկե, մտադրություն ունեմ, քանի որ շատ եմ կարոտել իմ՝ երգչուհի տեսակին: Կան երգեր, որոնք գրեթե պատրաստ են, բայց առայժմ չեմ կարող ասել, թե երբ կլինի նոր տեսահոլովակ:

 

-ԱՄՆ-ում կա՞ մեկը, ով ձեզ համար հենարան է, ապավեն, ընկեր:

-ԱՄՆ-ում ժամանակ առ ժամանակ բնակվելը շատ բան տվեց՝ հետագա կյանքի համար: Մեծ հիասթափություններ եմ ապրել մարդկային տարբեր տեսակների հետ շփվելով, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այդուհանդերձ այսօր ԱՄՆ-ում ունեմ հիանալի ընկերներ, ովքեր իսկապես հարազատ են դարձել ինձ և կարող եմ հենվել նրանց ուսին, ընդունել որպես ընկեր:

-Դուք դերասանական կրթություն ունեք. այս մասնագիտությամբ հանդես գալու առաջարկ, ծրագիր, մտադրություն կա՞:

-Ավարտել եմ Թատերական ինստիտուտը, և ինձ համար շատ կարևոր է հանդես գալ որպես դերասանուհի: Կա մի շատ հետաքրքիր առաջարկ, որից ես շատ ոգևորված եմ, առայժմ չեմ կարող մանրամասնել, բայց, Աստծո կամոք, եթե հաստատվի ամեն բան, սիրով կտեղեկացնեմ ձեզ:

- Ինքներդ նշել եք, որ այսօր հայկական շոուբիզնեսում այն ​​երգիչներն են ակտիվ, ովքեր մատուցում են անորակ երաժշտություն, այնինչ դուք, որպես հաղորդավարուհի, հաճախ եք շփվում նրանց հետ, բեմերից հայտարարում եք այդ երգիչների անունները. ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

-Այո, ասել եմ ու հիմա էլ ասում եմ, բայց՝ ոչ որպես հաղորդավարուհի, այլ՝ հանդիսատես, կամ երաժշտության հետ կապ ունեցող մարդ: Իսկ որպես հաղորդավարուհի, այո, հայտարարում եմ նրանց անունները, և անձնական լարվածություն չկա: Ի վերջո, դա իմ աշխատանքն է, և ես այն պետք է կատարեմ մաքսիմալ լավ:

-Եթե չլիներ ֆինանսի գործոնը, կշարունակեի՞ք զբաղվել հաղորդավարությամբ:

-Այո, իհարկե: Ես սիրում եմ տեսախցիկը, նկարահանման գործընթացը, ինձ դուր է գալիս անընդհատ սովորել հեռուստատեսության հետ կապված նոր բան, և, վերջապես, ինձ համարում եմ հեռուստատեսության մարդ:

-Այսօր դուք համարվում եք ամենաոճային հայ հաղորդավարուհիներից մեկը. ըստ ձեզ, սովորաբար ե՞րբ է կինը գտնում իր սեփական ոճը, այս ճանապարհին ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց եւ աղջիկներին:

-Շնորհակալ եմ: Կարծում եմ՝ կինն իր սեփական ոճը գտնում է այն ժամանակ, երբ ինքն իրեն սկսում է ավելի լավ ճանաչել, երբ չի շեղվում իրենից և իր բնությունից, չի փորձում նմանվել մեկ ուրիշին: Առհասարակ, կնոջ ոճային լինելը կապված է նրա՝ որպես անհատականություն ձևավորվելու և հոգեբանական առանձնահատկությունների հետ: ԱՄՆ-ում՝ այդ բազմազգ երկրում, տեսնելով այլազգի կանանց, օրեցօր հանգում եմ այն համոզման, որ հայ կանայք և աղջիկներն ամենագեղեցիկն են: Միայն խորհուրդ կտայի չչարաշահել բոլոր այն միջոցները, որոնցով այսօր ամբողջ աշխարհն է տարված, դրանք իսկապես անդեմ են դարձնում աղջիկներին, վերջիններս նմանվում են միմյանց: Պետք չէ ձգտել իդեալական քիթ կամ շրթունքներ ունենալուն, պարզապես հարկավոր է լինել խնամված, այլապես կկորցնեք ձեր դեմքի առանձնահատկությունը, որը տրված է ի վերուստ:

 

-Կոկո Շանելն ասել է, որ կինը երբեք չպետք է տանից դուրս գա՝ առանց շրթներկի: Իսկ դուք ի՞նչ եք կարծում:

-Կինը երբեք չպետք է տանից դուրս գա չխնամված, և առանց օծանելիքի:

- Տղամարդու մեջ ո՞ր հատկանիշն եք ամենաշատը գնահատում:

-Տղամարդությունը (ծիծաղում է): Ցավոք, այսօր սա քիչ հանդիպող հատկանիշ է տղամարդկանց շրջանում:

-Հայաստանի հետ կապված առաջիկայի ի՞նչ ծրագրեր ունեք:

-Առաջիկայում փոքր-ինչ կհանգստանամ, այնուհետև կանդրադառնամ նոր նախագծերին ու առաջարկներին, կսկսեմ էլ ավելի ոգևորությամբ աշխատել: 

Արփինե Գաբրիելյանը՝ ոգևորիչ առաջարկի, ապրած հիասթափությունների մասին