Ռուսաստան մեկնելու ավիատոմսերը կտրուկ  թանկացել են
26/05/2014 21:05

Ռուսաստան մեկնելու ավիատոմսերը կտրուկ թանկացել են

Մայիսի 17-ին ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավելի քան մեկ ամիս ճանապարհի այդ հատվածը փակ է լինելու: Իսկ դա նշանակում է, որ այս պահին Հայաստանցիների համար (և ոչ միայն) փակ է Ռուսաստան տանող ավտոճանապարհը:

Սրան զուգահեռ, վերջին օրերի ընթացքում կտրուկ թանկացել են հատկապես Հայաստան-Ռուսաստան ուղղություններով վաճառվող  ավիատոմսերը: Ինչպես երևում է, մեր «բարեխիղճ» ընկերությունները պարզապես որոշել են օգտվել հանգամանքից:

Aysor.am-ի փոքրիկ հարցախույզից պարզվեց, որ այս պահի դրությամբ էժան տոմսեր գրեթե չկան վաճառքում: Մի քանի ավիաընկերություններից մեզ փոխանցեցին նաև, որ առաջիկա օրերին, եթե ցանկանանք մեկնել Մոսկվա կամ Սանկտ-Պետերբուրգ, ապա տոմսերը կարող ենք ձեռք բերել միայն բիզնես կլասով թռչելու համար: Ավելին՝ եթե մինչ օրս գործում էին ինչ-որ ակցիաներ, ապա դրանք ևս վերացել են: 

Մի քանի ավիաընկերություններից մենք հետաքրքրվեցինք, թե նախորդ շաբաթ որքան են արժեցել Երևան-Մոսկվա ուղղությունով վաճառվող տոմսերը: Մեզ պատասխանեցին, որ դրանք տատանվել են 55-59 հազար դրամի սահմաններում: Իսկ հարցին, թե ի՞նչ գնով կարող ենք ձեռք բերել Մոսկվայի տոմսեր այսօր, ստացանք տարբեր պատասխաններ: Այսօրվա դրությամբ՝ Մոսկվայի տոմսերը տատանվում են 71-76 հազարի դրամի սահմաններում: Հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված՝ ոչ մի ընկերություն մեզ հստակ պատասխան չտվեց: Փաստորեն ստացվում է, որ տոմսի գնի թանկացումը հիմնականում պայմանավորված է ոչ թե Լարսի ճանապարհով, այլ ընկերությունների վարած քաղաքականությամբ: Ինչ վերաբերվում է հետադարձով տոմսերին, ապա դրանք այսօր տատանվում են 90-100 հազար դրամի սահմաններում և հնարավոր է, որ առաջիկայում ավելի թանկանան:

Ի դեպ՝ նշենք նաև, որ դեռ մի քանի օր առաջ մենք զանգահարել էինք մի ընկերություն, որտեղ հետաքրքրվեցինք, թե ինչ գնով կարող ենք Մոսկվայի տոմսեր ձեռք գնել, որտեղից սակայն, նախ հետաքրքրվեցին, թե ո՞վ է զանգահարողը, ապա մեզ տոմսի իրական արժենքն ասելու փոխարեն, ասացին, որ Մոսկվայի տոմսն արժե 200 հազար դրամ: 

Ռուսաստան մեկնելու ավիատոմսերը կտրուկ թանկացել են