.jpg)
Կարդում են արդյոք գրականության հանձնաժողովի անդամները հեղինակների գործերը
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամ Ժան Պողոսյանը ֆիզիկա, արվեստ, բնական գիտություններ, տեխնիկական գիտություններ ոլորտներում մրցանակակիրներին հանձնեցին մրցանակներ և դրամական պարգևներ:
Այս տարի մրցանակ չի տրվել արվեստի, գրականության, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառներում, իսկ բժշկագիտական բնագավառում հայտեր չեն եղել:
Aysor.am-ի հետ զրույցում գրականության հանձնաժողովի նախագահ, գրականագետ Ազատ Եղիազարյանը նշեց, որ գրականության հանձնաժողովը ստացել էր աշխատանքներ, սակայն ոչ ոք չի հավաքել առանվազն 4 ձայն. գրականության հանձնաժողովի անդամների թիվը 7-ն է. ներկայացվել են Արևշատ Ավագյանի, Հովիկ Երանյանի, Հրաչյա Սարիբեկյանի և այլոց գործերը:
«Քվեարկությունը մնում է քվեարկություն, գրականությունը և արվեստը այնպիսին են, որ ընկալումները տարբերվում են»,- ասաց գրականագետը, հավելելով, որ դա չի խոսում այն մասին, որ լավ գործեր չկան, պարզապես ոչ մի գործ չի ստացել հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը:
Ա. Եղիազարյանը չբացառեց, որ ժամանակ անց գրականագետի` այս կամ այն գործի վերաբերյալ կարծիքը չհաստատվի, միաժամանկ հիշեցրեց, որ հանձնաժողովի անդամները հայտնի գրականագետներ էին:
Դիտարկմանը, թե կարդում են գրականագետներ ներկայացվված հեղինակների գործերը, թե` ոչ, Ազատ Եղիազարյանը վստահաբար ասաց, որ ինքը կարդում է, իսկ հանձնաժողովի անդամները` «Կարծում եմ` կարդում են. չեն կարող գալ քվեարկության` առանց կարդալու»: