«Քիթ-Cut» ներկայացում կամ երբ քիթը կտրելը դառնում է պարտադիր
26/05/2014 20:40

«Քիթ-Cut» ներկայացում կամ երբ քիթը կտրելը դառնում է պարտադիր

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Կամերային թատրոնում տեղի կունենա «Քիթ-Cut» կատակերգական ներկայացման պրեմիերան: Դերերում հանդես կգան Անդրանիկ Հարությունյանը, Լիլի Միքայելյանը և Կարապետ Բալյանը: Ներկայացման գործողությունները կատարվում են Հայաստանում` 2080 թվականին: Life.panorama.am-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ գլխավոր հերոսները՝ ինքը և Կարապետի կերպարը, կանգնած են հայի տեսակը կորցնելու վտանգի առջև:



«Ներկայացման մեջ շատ զվարճալի և, միևնույն ժամանակ, խորհելու առիթ տվող սցենարային լուծումներ կան: Օրինակ՝ հերոսները ստիպված են օդի փող, քթի տուգանք վճարել, և այդ պայմաններում քիթը կտրելը՝ այսինքն՝ տեսակից հրաժարվելը դառնում է պարտադիր»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց դերասանը՝ հավելելով, որ ներկայացումն ունի նաև քաղաքական շերտեր:

Նրա դիտարկմամբ՝ այսօր հայի տեսակը որոշակի փոփոխության է ենթարկվել, մեր հիմնական, բնորոշիչ գծերը վտանգված են. «Եթե այսօր է այս իրավիճակը տիրում, պատկերացնու՞մ եք, թե 2080-ին ինչպիսին կլինի Հայաստանը»,-հարցրեց Անդրանիկը՝ միաժամանակ ընդգծելով, որ վատի կողքին իրենց ներկայացրել են նաև դրականը ու կանխատեսել մեր երկրի պայծառ ապագան, իսկ թե ինչ լուծումներով՝ պարզ կդառնա պրեմիերայից հետո:

Մեր այն հարցին, թե ում մտահղացումն է եղել ներկայացումը վերնագրել «Քիթ-Cut», վերջինս պատասխանեց, որ այդ անունը ծնվել է սցենարը գրելուց հետո միայն.

«Սկզբում որոշել էինք սթենդափ ներկայացմամբ հանդես գալ, հետո սցենարն աստիճանաբար ընդլայնվեց, և ստացվեց առավել ընդգրկուն ներկայացում: Իսկ անունը համահունչ է արծարծվող թեմային, մեր քթերին և հայ իրականությանը»,-պարզաբանեց Անդրանիկ Հարությունյանը: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Քիթ-Cut» ներկայացում կամ երբ քիթը կտրելը դառնում է պարտադիր