.jpg)
Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան դաշինքը՝ ընդդեմ ՌԴ-ի գազային մոնոպոլիայի
Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարները այսօր Բաքվում ընդունել են համատեղ հռչակագիր, որը պետք է խթանի եռակողմ ձևաչափով համագործակցությունը քաղաքական, էներգետիկ, զբոսաշրջային և այլ ոլորտներում:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ այդպիսի ձևաչափով դա առաջին հանդիպումն է և արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Աշգաբադում:
Վերոնշյալ հանդիպումներով փորձ է արվում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի գործունեությանը ներգրավվել նաև նավթագազային հարուստ ռեսուրսներ ունեցող Թուրքմենստանին, ինչը առաջին հերթին բխում է Արևմուտքի շահերից: Վերոնշյալ դաշինքի ձևավորումը թույլ կտա Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին լուծել այլընտրանքային ճանապարհներով Եվրոպա առաքվող էներգակիրների հարցը: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցանկանում են նվազեցնել եվրոպական երկրների գազային կախվածությունը «Գազպրոմից»:
Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվում Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը արտահանվի Արևմուտք` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:
ԵՄ-ը նախատեսում է իրականացնել Հարավային գազային միջանցք ծրագիրը, որը ենթադրում է կասպյան և կենտրոնական ասիական գազի և նավթի արտահանումը դեպի ԵՄ` Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ: Պատահական չէ, որ ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է միավորել Կասպյան տարածաշրջանի գազային համակարգը` եվրոպական գազային շուկային:
Տրանսկասպյան գազամուղի իրականացմամբ հետաքրքրված է նաև ԱՄՆ-ը, որի դեսպանը Ադրբեջանում` Ռիչարդ Մորնինգստարը նշել էր, որ ԱՄՆ-ը շահագրգռված է Տրասնկասպյան գազամուղի իրականացմամբ և ամեն ինչ կանի, որ այն կյանքի կոչվի:
Ծրագրի իրականացմանը կարող է խոչընդոտել Կասպից ծովի իրավական կարգավիճակի ճշգրտված չլինելը, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Իրանի բացասական արձագանքին, որոնք կարող են կարգավիճակի ճշգրտված չլինելը որպես պատրվակ օգտագործեն իրենց տարածքը շրջանցող գազամուղի շինարարությունը խափանելու համար: Բացի այդ, կան հակասություններ Բաքվի և Աշգաբադի միջև՝Կասպից ծովում վիճելի հանքավայրերի հետ կապված:
Չնայած դրան, կասպյան ավազանում նոր տրանսպորտային-էներգետիկ նախագծերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են ձեռնարկվում:
Վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:
Էրդողանի մասնակցությունը հիմնարկեքին բացատրվում է ինչպես թուրքական ավանդական հետաքրքրություններով՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներում ամրապնդվելու և ազդեցության լծակներ ձեռք բերելու առումով, ինչպես նաև այն փաստով, որ հենց թուրքական «Gas Insaat» ընկերությունն է շահել Թուրքմենբաշիի նավահանգստի շինարարության տենդերը:
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 48 ամսվա ընթացքում:
Այս նախագծին զուգագեռ, Կասպից ծովի արևմտյան՝ ադրբեջանական ափին նախատեսվում է Բաքվի մերձակայքում կյանքի կոչել Ալյաթ նոր նավահանգիստը, որն իր հերթին տրանսպորտային՝ լաստանավային փոխադրումներով կկապվի Թուրքմենբաշիի նոր նավահանգստի հետ՝կազմելով Կասպյան ավազանում նոր տրանսպորտային ինտեգրացիայի մի մասնիկը:
Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը:
Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:
Այսպիսով, Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի և քաղաքական դաշինքի ձևավորման համար պետք է առաջին հերթին իրենց լուծումը գտնեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը և ադրբեջանա-թուրքմենական հակասությունները՝վիճելի հանքավայրերի պատկանելիության հետ կապված: