.jpg)
«Որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա»
«Որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա, թեև չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի այդ լիազորությունը: Խնդիրը սահմաններն են: Այդ լիազորությունները պետք է ընդլայնվեն, բայց ինչ սահմաններում` առանձին հարց է, որն արդեն քննարկման առարկա դարձել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ մարմիններում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալուն, մասնավորապես ընդդիմությունը կարևորում է Վերահսկիչ պալատը, Դ. Հարությունյանն ասաց, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ, պետք է քննարկեն` այս փուլում իրենք պատրաստ են դրան, թե ոչ. «Պետք է ծանոթանալ այլ երկրների փորձին, ընդ որում՝ այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում: Եվ շարժվենք ըստ այդմ»:
Դ. Հարությունյանը հստակեցրեց, որ իր խոսքում հաստատ մեղադրանք ընդդիմության հասցեին չկար.
«Ցանկացած «չկայացած» բառակապակցություն, որ ես օգտագործում եմ վերաբերում է քաղաքական դաշտին և հավասարապես բոլոր կուսակցություններին: Մենք դեռևս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը. դա գաղտնիք չէ և նախագահի ելույթում էլ է հնչել այդ մասին»:
Անդրադառնալով ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարևորած երկբևեռ քաղաքական դաշտի կայացմանը` Դ. Հարությունյանն ասաց, որ դա միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ և այստեղ խոսքը թերևս երկու տարբեր ուղղությունների մասին է, որոնք ներկայացված կլինեն կոալիցիայով, մի խումբ կուսակցություններով, բայց ակնհայտորեն կերևա, թե այդ որ երկու կուսակցական խմբերն են. «Բայց սա չի նշանակում, թե որևէ կուսակցություն չի կարող մի բևեռից մյուսն անցում կատարել»: