Կամո Հովհաննիսյան. «Մկանային վնասվածքս երրորդ անգամ է կրկնվում»
27/05/2014 19:36

Կամո Հովհաննիսյան. «Մկանային վնասվածքս երրորդ անգամ է կրկնվում»

«Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի մամուլի ծառայությանը պատմել է, թե ինչպես է ապաքինվում մկանային վնասվածքից, ինչպես նաև կիսվել է ավարտված մրցաշրջանի մասին տպավորություններով:

- Առաջնությունն այդքան էլ հաջող չէր մեզ համար: 6-րդ տեղը շատ վատ արդյունք է: Մրցաշրջանի մեկնարկում մտածում էի, որ տեղ կզբաղեցնենք լավագույն եռյակում, այնպես որ առաջնությունը ձախողված եմ համարում: Բայց նվաճեցինք գավաթը, ինչը թույլ է տալիս մասնակցել Եվրոպա լիգայի խաղերին, դա գոհացնող է: Անձամբ ինձ համար այս մրցաշրջանն առանձնացավ անմոռանալի պահերով թե «Փյունիկի» հետ, թե ազգային հավաքականի:

- Այդ պահերից ո՞րը կառանձնացնես:
- Դանիա-Հայաստան հանդիպումը: Իմ կյանքի հիշարժան պահերի մեջ այն առաջատար տեղերում է:

- Վերադառնանք առաջնություն, երկրորդ շրջանը սկսեցիք նոր մարզչի հետ:
- Սարգիս Հովսեփյանի նշանակումն ուրախալի էր այն առումով, որ նա մեզ արդեն ծանոթ էր: Նա միանգամից մտավ աշխատանքի մեջ: Սկզբում մի քիչ դժվար էր նրան որպես մարզիչ ընդունել, բայց մեզ մոտ ստացվեց, ու նրա շնորհիվ կարողացանք նվաճել գավաթը:

- Առաջնության վերջնամասում վնասվածք ստացար, ինչի պատճառով նաև բաց թողեցիր ազգային հավաքականի հավաքը, կպատմե՞ս առողջական վիճակիդ մասին:
- Մկանային վնասվածք էի ստացել, այն արդեն երրորդ անգամ է կրկնվում: Առայժմ չեմ մարզվում, միայն լողավազան եմ հաճախում: Մի քիչ հիասթափված եմ, որ չկարողացա միանալ հավաքականին, բայց երևի սա էր բարին:

- Արձակուրդդ ինչպե՞ս ես անցկացնում:
- Լողավազանում, քանի որ վնասվածք ունեմ, ժամանակս ծախսում եմ վերականգնվելու վրա, որպեսզի կարողանամ վերսկսել թիմի հետ մարզումները:
 

Կամո Հովհաննիսյան. «Մկանային վնասվածքս երրորդ անգամ է կրկնվում»