.jpg)
Կոտայքի մարզպետարանի տարօրինակ խորհրդակցությունն ու խորհրդավոր հեռախոսավարը
Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը մարզպետարանի աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմում գրել: Լուրի իսկությունը պարզելու համար Aysor.am-ի թղթակիցը կապ հաստատեց Կոտայքի մարզպետարանի հետ, որտեղից սակայն մեզ պատասխանեցին, որ այս պահին խորհրդակցություն է ընթանում, որին նաև մասնակցում է մարզպետարանի մամլո պատասխանատուն: Մարզպետարանի աշխատակիցն, ով այդպես էլ չներկայացավ, խոստացավ, որ խորհրդակցության ավարտից հետո մեզ անպայման հետ կզանգահարի, բայց այպես էլ իր խոստումը չկատարեց:
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ ՀՀ Կոտայքի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվելուց անմիջապես հետո մարզպետարանի աշխատակիցներին հավաքել է իր աշխատասենյակում և հրահանգել աշխատանքից ազատման դիմում գրել: Բանն այն է, որ նա մտադիր է իր հարազատներին ու ծանոթներին մարզպետարանում նշանակել աշխատանքի:
Արամ Հարությունյանը, թերթի հետ զրույցում, բնականաբար, հերքել է լուրն՝ ասելով, որ իրականությանը չի համապատասխանում:
Մարզպետարանի մեկ այլ աշխատակից Aysor.am-ի հետ զրույցում պնդեց, որ խորհրդակցություն է տեղի ունեցել, բայց երբ հետաքրքրվեցինք, թե այն երբ է ավարտվել, այդպես էլ չկարողացավ ստույգ պատասխանել: «Ստույգ չեմ կարող ասել»,-կմկմալով նշեց նա ու հավելեց, որ եթե տեղեկատվական բաժնից խոստացել են զանգահարել՝ ուրեմն անպայման կզանգահարեն:
Նշենք, որ ժամը 18-ի դրությամբ, մեր խմբագրություն ոչ մի զանգ մարզպետարանից չի եղել: