Ն. Զոհրաբյան. Քառյակը մի քանի հրատապ հարց կներկայացնի կառավարությանը
27/05/2014 17:11

Ն. Զոհրաբյան. Քառյակը մի քանի հրատապ հարց կներկայացնի կառավարությանը

Մենք բոլորս կարևորում ենք այն մարտահրավերները, որոնք կանգնած են երկրի առջև և որոնք հրատապ լուծում են պահանջում: Այս պահին մեկ տասնյակից փոքր-ինչ ավելի խնդիրներ ձևակերպում ենք որպես հրատապ, դրանք կներկայացվեն կառավարությանը, իսկ առաջիկա օրերին կունենանք համատեղ հայտարարության տեքստ: Քառյակի հերթական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ն. Զոհրաբյանն ասաց, որ քառյակը կարողացավ կարևոր խնդիր լուծել, այն է` քաղաքական ուժերին համախմբել. «Միայն այն, որ մենք կարողանում ենք խնդիրները միասնաբար բերել խորհրդարան, դրանք քննարկման առարկա դարձնել, արդեն հաջողություն է: Իհարկե, կա քաղաքական մեծամասնություն, որը տորպեդահարում է ցանկացած այլ հարց, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր մոտեցումներից»:

Քառյակը, նրա խոսքով, սիամական ուժ չէ, ամեն ուժ ունի իր դիրքորոշումն ու մոտեցումները, և եթե չկա միասնական մոտեցում, ապա քառյակի ուժերը հարգում են յուրաքանչյուրի դիրքորոշում:

Խոսելով այս շաբաթվա ընթացքում ԱԺ հանձնաժողովներում քննարկվող 2013-ի պետական բյուջեի կատարողականի մասին` Ն. Զոհրաբյանն ասաց, որ քառյակը այս կապակցությամբ ևս միասնական դիրքորոշում ունի և դեմ կքվեարկի:

Նշենք, որ քառյակի հաջորդ նիստը կկայանա արդեն հաջորդ շաբաթվա սկզբին:
 

Ն. Զոհրաբյան. Քառյակը մի քանի հրատապ հարց կներկայացնի կառավարությանը