.jpg)
ԱՄԷ-Հայաստան` 3:4
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Շվեյցարիայում ընկերական հանդիպում անցկացրեց Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ և հաղթանակ տոնեց 4:3 հաշվով: Մեր թիմի կազմում երկու անգամ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, մեկական անգամ` Լևոն Հայրապետյանն ու Ռումյան Հովսեփյանը:
Իհարկե, ուրախալի է, որ մեր հավաքականը Եվրոպայի 2016 թ. ընտրական փուլի առաջնությանը նախապատրաստությունն սկսում է հաղթանակով, սակայն սա այն հաղթանակներից մեկն է, որ նաև լուրջ մտորումների առիթ է տալիս: Հայաստանի հավաքականը երկու գնդակ բաց թողեց անկյունայինների խաղարկումից, իսկ գոլային մյուս դրվագում էլ մրցակցի ֆուտբոլիստները մեր թիմի տուգանային հրապարակում գնդակն ազատ խաղարկելու ու հարվածելու հնարավորություն ստացան: Անշուշտ, գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հսկայական աշխատանք ունի կատարելու` հատկապես պաշտպանությունում առկա խնդիրները լուծելու և թիմի խաղը կազմակերպելու համար:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականն այս ուսումնամարզական հավաքի ընթացքում ևս երկու ստուգողական խաղ պետք է անցկացնի` ընդդեմ Ալժիրի ու Գերմանիայի ընտրանիների, որոնք նախապատրաստվում են Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնությանը և, բնականաբար, կարգով գերազանցում են մեր ազգային թիմի այսօրվա մրցակցին` ԱՄԷ-ի հավաքականին: