.jpg)
20-ամյա զինվորի մահվան գործով ծառայակիցը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
2013 թ. մարտի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող 20-ամյա Վոլոդյա Սեդրակի Ավագյանի մահվան գործով 12 տարվա ազատազրկման է դատապարտվել ծառայակից Սերոբ Բուդաղյանը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Սերոբ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 49971զմ-ի զինծառայող մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված զենքով դիտավորությամբ կրակոց է արձակել համածառայող Վոլոդյա Ավագյանի ճակատի ձախ շրջանին և սպանել վերջինիս:
Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Սերոբ Բուդաղյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր իրավունքից` հրաժարվել է ցուցմունք տալ: Նախնական քննության ընթացքում տված ցուցմունքները հրապարակելուց հետո ամբաստանյալ Սերոբ Բուդաղյանն առաջադրված հարցերին պատասխանել է, որ դեպքի ժամանակ ինքը եղել 9 ամսվա զինծառայող և ծանոթ է եղել իրեն ամրակցված զենքի առանձնահատկություններին:
Մարտական հեթապահության գնալուց առաջ ինքը հրահանգավորված է եղել զենքի հետ վարվելու կանոնների մասին: Դեպքի օրը` զենքը լիցքավորելու ժամանակ, ինքը մոռացել է, որ պահեստատուփն ամրացված է զենքին և դրան ուշադրություն չի դարձրել: Դրանից հետո ինքը մոտեցել է Վոլոդյա Ավագյանին, զենքը մոտ կես մետր հեռավորությունից պահել է նրա ուղղությամբ, սակայն չի նախատեսել և չի գիտակցել, որ կրակոց կարձակվի և Վոլոդյան կմահանա, քանի որ չի իմացել, որ զենքի մեջ փամփուշտ կա: Ինքը չի կարող ասել, թե ինչպես է մոռացել, որ զենքի մեջ փամփուշտ կա: Կրակոց արձակվելու ժամանակ ներկա է եղել Վահե Համբարձումյանը: Կրակոցից հետո ինքը Գագիկ Հակոբյանին չի ասել, որպեսզի կատարվածը ներկայացնեն որպես ինքնասպանություն:
Ինքը Վոլոդյայի հետ ունեցել է ընկերական հարաբերություններ, իրենց միջև կոնֆլիկտներ չեն եղել, և ինքը որևէ պատճառ չի ունեցել նրան սպանելու համար: Ինքն իրենց մարտական դիրքի անձնակազմի բոլոր անդամների հետ ունեցել է լավ հարաբերություններ:
Նախկինում` ծառայության ընթացքում, եղել են դեպքեր, երբ ինքը փորձել է կատակով վախեցնել զինծառայողներին` զենքը պահելով նրանց վրա: Ինքը չի կարող ասել, թե նման քանի կատակ է արել, սակայն դրանց մի մասի դեպքում պահեստատուփը եղել է զենքին ամրացված վիճակում, իսկ մյուս դեպքերում` ոչ: Ինքը չգիտի, թե ով է խնդրել, որպեսզի ինքը և Վոլոդյան միասին գնան առաջնագիծ:
Սկզբում ինքն առաջնագիծ է գնացել Նարեկ Ավագյանի հետ, սակայն հետագայում ավագ լեյտենանտ Ռաֆֆի Իսունցն ասել է, որ տեղի է ունեցել փոփոխություն, և ինքն առաջնագիծ պետք է գնա Վոլոդյայի հետ է: Ինքը երբևէ հոգեկան խնդիրներ չի ունեցել և ներկայում նույնպես չունի:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սերոբ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2013 թվականի մարտի 22-ից, ինչպես նաև Ս. Բուդաղյանից հօգուտ ՀՀ-ի, որպես դատական ծախս, բռնագանձել 55.800 ՀՀ դրամ:
Դատախազ Կ. Աղաբեկյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և ամբաստանյալ Սերոբ Բուդաղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր.օր 104 հոդ. 2-րդ մասի 10-րդ կետով և նշանակել պատիժ` ազատազրկում 14 տարի ժամկետով:
Փաստաբան Մարինե Գրիգորյանը ևս Վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար Ս. Բուդաղյանին արդարացնել, մեղադրանքը փոփոխել ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով, բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան սահմանելով նոր քննության:
Նախորդող հրապարակում՝ Համեստ, խաթրաշահ, սիրված. Գյուղում հիշում են դիրքերում մահացած զինվորին
20-ամյա զինվորի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինվորի