«Հայաստանի ընդգրկմամբ ՄՄ-ը կարող է վերածվել հոյակապ կառույցի, և հակառակը»
28/05/2014 15:45

«Հայաստանի ընդգրկմամբ ՄՄ-ը կարող է վերածվել հոյակապ կառույցի, և հակառակը»

Այսօրվա աշխարհը շատ խառը իրավիճակում է հայտնվել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ՄՄ անդամագրվելուն: 

«Հաշվենկատությունը չափազանց մէծ է ցանկացած կառույցում և Հայաստանն այսօր անդամակցում է տարբեր կառույցների՝ ՀԱՊԿ, ՄԱԿ և այլն: Բնական է, որ տարբեր կառույցներ պետք է Հայաստանին առաջարկեն ընդգրկվել այդ կառույցում: Բայց գոյություն ունի հայի սահմանում, որով պետք է առաջնորդվենք: Այսինքն՝ որտեղ էլ, որ հայը անդամագրվի, պետք է լինի սեփական կոնցեպցիայով: Պետք է լինի այն, ինչ-որ պետք է լինի: Հայաստանի անդամագրումով Մաքսային միությունը կարող է վերածվել հոյակապ մի կառույցի, կամ հակառակը՝ դառնա մի անպետք կառույց: Ոչ ոքի վրա չպետք է թողնենք մեր պատասխանատվությունը, որպեսզի հաստատենք այն, ինչ ճիշտ ենք համարում: Այս տեսակետից կարող ենք ՄՄ ընդգրկվելով շահել»,- նշեց Մանուչարյանը:

Ա.Մանուչարյանը նկատեց, որ ամեն մի ղեկավարություն պատմության մի նոր էջ է ստեղծում Հայաստանի համար: «Այսօր մենք տեսնում ենք երկրորդ Հանրապետության սևացումը: Անհասկանալի է, թե մարդիկ ինչ են մեր մասին խոսում»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքական գործընթաց կախված է այսօրվա քաղաքական մշակույթից: «Ցանկացած ղեկավար հարմարեցնում է պատմությունը ընթացիկ քաղաքական գործընթացների հետ, ինչը խայտառակություն է ընդդեմ հայկականության»,- հավելեց նա:

Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե անընդհատ համեմատականներ եք անցկացնում պատմության ու ներկա քաղաքական գործընթացների միչև, ի՞նչն է խանգարում, որ մենք խմբագրենք ու սրբագրենք մեր սխալները՝ նույնը չկրկնելու համար՝ Մանուչարյանը նշեց, որ շահը:

«Հայերը միշտ երկրպագել են ինչ-ինչ աստվածների, որոնք բոլորն էլ Արևի աստվածներ են եղել: Պատմության մեջ առաջին անգամ մենք վերցրել ենք լուսնային աստվածներին ու երկրպագում ենք փողն ու հաճույքները: Սա ամենահիմնական հարվածն է, որը վնասել է մեր պետականությանն ու հայկականությանը: Այսպիսի գործընթացներ, ինչպիսիք տեղի են ունենում այսօր, պատմության ոչ մի ժամանակաշրջանում չի եղել, անգամ երբ մեր իշխաններից ոմանք մտածել են ընտրել այս կամ այն ուղղությունը»,- մանրամասնեց բանախոսը:
 

«Հայաստանի ընդգրկմամբ ՄՄ-ը կարող է վերածվել հոյակապ կառույցի, և հակառակը»