Ուզում եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալ. Եվա Ռիվաս
28/05/2014 16:48

Ուզում եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալ. Եվա Ռիվաս

Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան: Շատերին ոչինչ չասող անուն-ազգանուն: Իսկ ահա Եվա Ռիվաս` շատերի կողմից արդեն սիրված երգչուհի, ով հանրության լայն շրջանակների կողմից ճանաչվեց «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթից հետո: Նա ծնվել և մեծացել է Դոնի-Ռոստովում, սակայն այժմ ցանկանում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն: Life.panorama.am-ի զրուցակիցն է Եվա Ռիվասը:

-Մուտք գործելով հայկական շոու-բիզնես, ինչպես հենց շոու-բիզնես ներկայացուցիչների, այնպես էլ հանդիսատեսի որոշ շրջանակների կողմից չընդունվեցիք: Ինչո՞ւ: Ըստ Ձեզ, ո՞րն էր պատճառը:

-Կարծում եմ, որ հնարավոր չէ նոր-նոր քայլեր կատարելով և մուտք գործելով շոու-բիզնես միանգամայն ընդունվել բոլորի կողմից: Իհարկե, դրական արձագանքների կողքին հայտնվում են նաև բացասական արձագանքները: Երգչուհին պետք է իր ստեղծագործական գործունեության ընթացքում ապացուցի, որ արժանի է հավանության և դրական գնահատականների: Նախ` պետք է ապահովել երգչուհու որակը:

-Այժմ կրկին Հայաստանում եք: Ի՞նչը բերեց Ձեզ այստեղ: Ցանկանո՞ւմ եք ընդմիշտ մնալ:

-Շատ եմ սիրում Հայաստանը, ինձ այն շատ է ձգում և մեծ հաճույք եմ ստանում այստեղ գտնվելուց: Ինձ դուր է գալիս այստեղ աշխատել, այդ իսկ պատճառով միշտ վերադառնում եմ:Այստեղ հանգիստ է, մտածելակերպն է այլ: Ես ուզում եմ կապ ունենալ Հայաստանի հետ, ուզում եմ ստանալ Հայաստանի քաղաքացիություն: Ինձ համար Հայաստանը ամեն ինչ է, ավելին, այն ինձ համար միջազգային երկիր է, քանի որ մենք հայերս սփռված ենք ամբողջ աշխարհով: Ես ուզում եմ դառնալ միջազգային երգչուհի, ում արմատները ծագում են Հայաստանից, ուզում եմ, որ բոլորն իմանան, որ հայ եմ և սիրում եմ Հայաստանը:

-Հայ հանդիսատե՞սը հոգեհարազատ է Ձեզ: Չե՞ք պատրաստվում մենահամերգով հանդես գալ Երևանում:

-Հայ հանդիսատեսը միշտ էլ տարբերվել է իր անսահման ջերմությամբ, ինչպես նաև պահանջկոտությամբ: Եվրատեսիլյան մրցույթից հետո մի փոքր դադար առա, իմ էլեկտրոնային հասցեին ամեն օր հարյուրավոր նամակներ էի ստանում` բեմ վերադառնալու և նոր երգեր ձայնագրելու խնդրանքով: Ահա ես այստեղ եմ` Հայաստանում, և պատրաստ եմ նման հանդիսատեսի համար անել ամեն ինչ, անդադար աշխատել, յուրաքանչյուր երգ մատուցելով հետաքրքիր, յուրովի և ամենակարևորը հայեցի: Ինչ վերաբերում է մենահամերգին, ապա հենց պահը հասունանա, միանշանակ, մենահամերգով նույնպես հանդես կգամ:

 

-Առաջիկայում ինչպիսի՞ Եվա Ռիվասի ենք տեսնելու: Ի՞նչ ծրագրեր ունեք:

-Այժմ ինձ մոտ մի նոր ստեղծագործական փուլ է սկսվել: Առաջիկայում սպասվու մ են նոր երգերի ձայնագրություններ և տեսահոլովակներ: Թույլ տվեք չբացել փակագծերը:

-Ինչպե՞ս եք վերաբերում քննադատությանը: Այն օգնո՞ւմ է ձեզ, թե՞ խանգարում:

-Քննադատություններն ինձ միմիայն օգնում են էլ ավելի հղկվել և կատարելագործվել: Բոլորին հնարավոր չէ դուր գալ, դրականի կողքին միշտ պետք է պատրաստ լինես լսել նաև բացասականը: Որքան մարդ կա, այնքան էլ կարծիք: Հնարավոր չէ սիրված լինել բոլորի կողմից:

-Ի՞նչ կարծիք ունեք հայկական շոու-բիզնեսի մասին:

-Իմ կարծիքով հայկական շոու-բիզնեսում ոչ միշտ են հնարավորություն ընձեռում տաղանդավոր մարդկանց, անհրաժեշտ է ընդլայնել երգիչների շրջանակը, քանի որ այսօր շատ տաղանդավոր երգիչներ կան, ովքեր կարող են գեղեցկացնել հայկական շոու-բիզնեսը, բայց ինչ- ինչ պատճառներով նրանք չկան ասպարեզում:

-Հայկական երաժշտաարվեստին ինչպե՞ս եք վերաբերում: Ինչպե՞ս այն կնկարագրեք:

Հարգանքով: Հնարավոր չէ անտարբեր անցնել հայկական երաժշտարվեստի կողքով, այնպիսի մեծերի կողքով, ինչպիսիք են Կոմիտասը, Խաչատրյանը, Բաբաջանյանը, Սպենդիարյանը, Օրբելյանը և այլք: Մենք շատ հարուստ ենք այդ առումով: Այս ամենը բառերով նկարագրել հնարավոր չէ, այն կարելի է նկարագրել միայն նման մեծությունների արվեստի պահպանմամբ և այդ ժառանգության չխեղաթյուրմամբ: Նրանց երգերը պետք է կատարել բարձր պրոֆեսիոնալիզմով կամ ընդհանրապես չկատարել: 

Ուզում եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալ. Եվա Ռիվաս