30/05/2014 14:35
Աշոտյան. Որքան ՀՀ-ին է պետք ԵՏՄ-ին անդամակցումը, այնքան ԵՏՄ-ին է պետք ՀՀ-ն
«Հայաստանը և ԼՂՀ-ն միասնական տարածք է, մենք, այո, ունենք երկու պետություն, բայց` միասնական տնտեսական տարածք, միասնական կրթական տարածք, միասնական մշակութային տարածք, նաև միասնական պաշտպանական տարածք, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ երաշախավորն է Արցախի բնակչությանն ու անվտանգությանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով Աստանայի հայտարարություններն ու որպես դրանց արձագանք այն մտահոգությունները, թե Հայաստանի և ԼՂՀ-ի միջև կդրվի մաքսային սահման` Եվրասիական տնտեսական միության անդամակցելու դիմաց։
Հարցին, թե ինչո՞ւ Աստանայում երեք նախագահները չքննարկեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, Ա. Աշոտյանն ասաց, որ նման հարցադրման իրավունք չունեն, քանի որ առհասարակ նամակներն անձնական կատեգորիա են: Ա. Աշոտյանը բերեց հետևյալ օրինակը.
«Յուրաքանչյուրդ մի հարևան, բարեկամ կամ ընկեր ունեք, որն այդքան էլ սիրված չէ այլոց կողմից, բայց պարբերաբար ձեզ մի բան է խնդրում, բզբզում է, իսկ դուք էլ ստիպված ինչ-որ մի բան անում եք ասելու համար, որ արել եք։ Ես կարծում եմ, որ այս հոգեբանական գործոնները կարող էին լինել նաև այս պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ խանդով են վերաբերում Հայաստանի անդամակացությանը ԵՏՄ-ին և հասկանում են դրա բոլոր հետևանքները: Հանրապետության ներսում գտնվող բոլոր քննադատների համար ևս ակնհայտ է, որ եթե ԵՏՄ-ի անդամակցությունը վատը կամ կործանարար լիներ, և բացասական հետևանքներ ունենար, ապա վստահաբար Ադրբեջանի իշխանությունները հաճույքով կհետևին, թե ինչպես է Հայաստանը կատարում այդ քննադատների սխալ աշխարահաքաղաքական ընտրությունը, որը տանում է փակուղի և կործանում»:
Ադրբեջանի իշխանությունների նման ռեակցիան, ԿԳ նախարարի խոսքով, ակնհայտորեն հաստատում է այն, որ իրենք լավ են հաշվարկել ու պատկերացնում Հայաստանի համար դրական բոլոր արդյունքներն անդամակցությունից հետո և ամեն կերպ փորձում են կանխել:
«Բայց հաջողության չեն հասնի, քանի որ Ադրբեջանից չէ կախված անդամակցության խնդիրը: Կարծում եմ, որ Հայաստանը երեկ մատնանշված ժամկետներում կմիանա ԵՏՄ-ին և 2015 -ի հունվարի մեկից կլինի այդ միության լիիրավ անդամ»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:
Ինչ վերաբերում է Նազարբաևի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից ամրագրված սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է ԱՀԿ` Ա. Աշոտյանն ասաց, որ տվյալ հայտարարությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի անդամակցությանը, որովհետև և՛ Ղազախստանը, և՛ Բելառուսը, և՛ Ռուսաստանը քանիցս ընդգծել են իրենց շահագրգռվածությունը Հայաստանի նկատմամբ:
«Ակնհայտ է, որ Հայաստանի հարաբերությունները, կառուցողական լինելով բոլոր երկրների հետ, այս պարագայում խարսխված են Մոսկվայի հետ ունեցած գերակա հարաբերությամբ: Գաղտնիք չէ, որ նման միություններում մեկը լինում է առաջնորդող ուժ։ ԵՏՄ-ի մեջ ինձ մի բան է դուր գալիս, որ գործընկերները հավասար են և չկա Ռուսաստանի ճնշիչ դոմինանտությունը, Ռուսաստանը ընդամենը պատրաստ է քննարկումների փուլով տանել իր գործընկերների առաջարկություները»,- ասաց նա:
«Որքան Հայաստանին է անհրաժեշտ ԵՏՄ-ին անդամակցությունը, այնքան էլ ԵՏՄ-ին պետք է Հայաստանը»,- եզրափակեց խոսքը Ա. Աշոտյանը: