.jpg)
Արմեն Ռուստամյան. Դա հո КВН չի՞, որ անպայման տվյալ պահին արձագանքես
«Այնպես չէ, որ հենց նույն պահին անպայման պետք է արձագանքես, դա հո КВН չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես` դուրս գա, որ տեղը դրեցիր»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով նախօրեին Աստանայում Ղազախստանի նախագահի` ընթերցած Ալիևի նամակին, որում նշված է եղել, որ Հայաստանը պետք է ԵՏՄ-ին անդամակցի առանց Ղարաբաղի, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ պատգամավորը համոզված է, որ որևէ իշխանություն չի համաձայնի Եվրասիական միության անդամակցությանն առանց Ղարաբաղի։
Նազարբաևը, Ա. Ռուստամյանի խոսքով, միջնորդավորված է խոսում և անձամբ իր տեսակետները չի ներկայացնում։
«Երբ կոնկրետ անդամակցության հարցը կլուծվի, անպայման առիթ կլինի, որ Նազարբաևի բացած հարցից չխուսափենք, չանտեսենք ու պատասխան տանք: Սա մեզ համար առիթ է, որ մեր շահերը պաշտպանենք»,- ասաց պատգամավորը:
Ղազախստանի նախագահ Նազարբաևի քայլը, ինչպես ասաց Ա. Ռուստամյանը, անակնկալ չէր, քանի որ նա միշտ էլ հանդես է եկել որպես Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպան:
«Ղազախստանն իրականացնում է նրանց լոբբինգը, և որքան խոսք է գնում Հայաստանի լիիրավ անդամ դառնալու մասին, այնքան հարցերն ավելի են սրվում են, քանի որ Ադրբեջանը դուրս է այս պրոցեսից ու ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չանդամակցի Եվրասիական միությանն ու չամրապնդի իր դիրքերը»,- ասաց նա` ընդգծելով, որ Ադրբեջանը կփորձի ամեն ինչ անել, որ անդամակցության միջոցով Ղարաբաղի կարգավորման հետ կապված իրեն նպաստավոր ձևակերպումներ ստանա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդհանրապես հրաժարվի Եվրասիական միությանն անդամակցելուց, Ա. Ռուստամյանը պատասխանեց, թե կլինի Եվրամիություն կամ Մաքսային միություն, պետք է Ղարաբաղը ճանաչի. «Հետևաբար` պատրաստ ենք այդ միության մեջ լինել՝ անկախ նրանից, որ մի բան էլ տնտեսական առումով կկորցնենք, որովհետև հակառակ դեպքում մենք կկորցնենք ավելի կարևոր բան, որը կորցնել չենք կարող»: