.jpg)
«Ֆրեսկո» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 21-ին
«Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման արարողության խորհրդանիշներից մեկն արդեն պատրաստ է: Փառատոնի բացման օրը գեղեցիկ պատահականությամբ այս տարի համընկել է «Ելն ի Վիրապեն» տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը: Ուստի փառատոնի կազմակերպիչները որոշել են հանդիսավոր բացումը սկսել հենց Խոր Վիրապից:

Փառատոնի խորհրդանիշ են ընտրվել վառվող մոմերը, որոնք մի քանի տասնյակ կամավորներն իրենց ձեռքերով են պատրաստել՝ ավելի քան 2000 մոմեր:

Խոր Վիրապից մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան: Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղոթքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները որպես հուշանվեր կտանեն իրենց հետ:

«Երբ ծնվում էր փառատոնի գաղափարը, բոլորս ցանկանում էինք ստեղծել մի փառատոն, որը ոչ թե կսկսվեր և կավարտվեր ինչ-որ հատուկ օրերի, այլ մշտապես ակտիվ գործընթացի մեջ կլիներ: Մենք ձգտում էինք կենդանի փառատոն ստեղծել: Կարծես ստացվում է, որովհետև նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ստեղծում են այն միջավայրը, որն իր հետ բերելու է «Ֆրեսկոն», իսկ մոմերի պատրաստման ողջ ընթացքը դրա վկայություններից մեկն է միայն»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն:
Նշենք, որ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 21-ին՝ Կարապի լճի մոտ:
Փառատոնի տնօրեն Աննա Կարապետյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնի նպատակն է Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցելով արդի արվեստի միջոցով ուզում են հանրությանը հոգևոր արժեք մատուցել: «Տարբեր երկրներից ունենք 38 ներկայացված հայտ, որոնցից 17-ն անցել են մրցույթային փուլ»,- ասաց նա՝ հավելելով, որ փառատոնն անց է կացվելու 3 փուլով: Նրա խոսքով՝ սա պարզապես ֆիլմերի դիտում չի լինելու: Կկազմակերպվեն նաև քննարկումներ՝ տարբեր թեմաների շուրջ: «Կլինեն քննարկումներ տարբեր սոցիալական ու հոգևոր խնդիրների շուրջ: Ունենք հյուրեր տարբեր երկրներից: Փառատոնն անց է կացվելու 3 փուլով՝ մրցույթային, արտամրցույթային և Հայոց Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ նվիրված ծրագիր, որի ընթացքում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր: Կցուցադրվի «Ավրորա» ֆիլմը, ինչպես նաև կլինի մեկ ցուցադրություն Հոլոքոստին նվիրված: Այսինքն՝ կցուցադրվեն բոլոր այն ֆիլմերը, որոնք քարոզում են մարդսիրություն»,- մանրամասնեց Ա. Կարապետյանը:
Երեկոյան բացօթյա կինոդիտումներ ու համերգներ, կինոճամբարներ մարզերում... միջազգային փառատոնի բոլորովին նոր բանաձև առաջարկող նախաձեռնությունը 10 օր շարունակ կդառնա հայաստանցիների ամառային առօրյայի մի մասը: «Հյուրերի ցուցակում է նաև լրագրող-վավերագետ Ջովանի Գաետանոն, ով հայերի մասին գրքեր է գրել: Նա իր գրքերում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Նա ևս քննարկումներ կկազմակերպի Հայոց ցեղասպանության թեմաներով»,- նշեց փառատոնի տնօրենը:
Իսկ մրցույթային ծրագրում ընկած են տարբեր միջոցառումներ: Ա. Կարապետյանը տեղեկացրեց, որ կցուցադրվեն նաև տարբեր ֆորմատով ֆիլմեր: «Սոցիալական, հոգևոր խնդիրների մասին պատմող ֆիլմեր, կլինեն ցուցադրություններ միգրացիայի, աղքատության վերաբերյալ ֆիլմեր: Որևէ սահմանափակում չկա: 4 օր ցուցադրությունները կլինեն Երևանում, այնուհետև՝ կմեկնենք Ախթալա, Օձուն, Տաթև, որտեղ և կցուցադրվեն մրցանակակիր ֆիլմերը»,- հավելեց նա:
Փառատոնի կարգախոսն է «Վնասվածը վերականգնել»:
«Քանի որ Ախթալայում հին ֆրեսկաներն են, ապա կլինեն ցուցադրությունն նաև այնտեղ: Ախթալայում մեր հրավիրված հյուրերը մասնակիցներին ազգային պարեր կսովորեցնեն: Կլինի նաև հյուրասիրություն: Խարույկի շուրջ երիտասարդները կհավաքվեն և բացթօյա այդ ֆիլմերը կցուցադրվեն: Բոլոր դիտումները բաց են լինելու և անվճար: Ակցիաներ չկան»,- ասաց Աննա Կարապետյանը: