Սլուցկի. Հայաստանը եվրոպականի ու եվրասիականի համատեղման լավ օրինակ է
30/05/2014 20:36

Սլուցկի. Հայաստանը եվրոպականի ու եվրասիականի համատեղման լավ օրինակ է

ՌԴ-ի Պետդումայի Անկախ Պետությունների Համագործակցության, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանն այն երկրի լավ օրինակն է, որը համատեղում է և եվրոպական, և եվրասիական վեկտորի ինտեգրումը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»

«Ղրղըզստանի դեպքում որոշ հարցեր կան հսկայական սննդրամթերքի շուկայի, Չինաստանից կեղծ ապրանքների ներթափանցման վերաբերյալ, մինչդեռ Հայաստանի դեպքում դա ոչ հստակ սահմանն է»,- նշել է Սլուցկին:

Միևնույն ժամանակ, Սլուցկու խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անդամակցման մասին խոսելն առայժմ վաղաժամ է:

«Եվրասիական միությանը Աբխազիայի և Հարավային Օսիայի ինտեգրացումն, առաջին հերթին, պետք է լինի բուն բնակչության կամքը: Մենք պետք է հասկանանք, որ Եվրասիական տնտեսական միությունը լուրջ տնտեսական միավորում է, որին ինտեգրվելու համար անհրաժեշտ է ունենալ բավականաչափ զարգացած տնտեսություն»,- նշել է վերջինս:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանը միանալ մինչև հունիսի 15-ը: Իր հերթին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն միանգամայն իրական է համարել նման հնարավորությունը:
 

Սլուցկի. Հայաստանը եվրոպականի ու եվրասիականի համատեղման լավ օրինակ է