Ալժիր-Հայաստան` 3:1 (Տեսանյութ)
31/05/2014 22:03

Ալժիր-Հայաստան` 3:1 (Տեսանյութ)

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց շվեյցարական ուսումնամարզական հավաքի ընթացքում` մրցակցելով Ալժիրի ընտրանու հետ, որը նախապատրաստվում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեր թիմը զիջեց 1:3 հաշվով:

Ցավոք, Հայաստանի ընտրանին պարզապես ձախողեց առաջին խաղակեսը` զիջելով 0:3 հաշվով: Խաղը պաշտպանությունում ընդհանրապես չստացվեց, կարելի է ասել` մեր պաշտպանները մրցակցի ճնշմանը չդիմացան, խուճապի մատնվեցին և սկսեցին սխալներ գործել մեկը մյուսի հետևից: Թիկունքայինների գործողությունների արդյունքում վստահությունը կորցրեցին նաև առջևի գծի ֆուտբոլիստները, և մնում էր միայն սպասել մրցավարի սուլիչին` այն հույսով, որ գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդն ինչ-որ բան կփոխի խաղում:

Այդպես էլ եղավ: Երկրորդ կեսում մեր թիմն ավելի վստահ խաղաց և արդեն առաջին րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Արթուր Սարկիսովը: Չնայած տարածքային ու խաղային առավելությանը, մեր ֆուտբոլիստները նոր գոլ չխփեցին: Գոլային հնարավորություններ ունեցավ նաև մրցակիցը` ապավինելով հակագրոհների մարտավարությանը: Այդուհանդերձ, հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց:

Առջևում Գերմանիայի հավաքականի հետ ստուգողական հանդիպումն է` պլանավորված հունիսի 6-ին: Եվ ուղղակի անհրաժեշտ է մոռանալ Ալժիր-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը` այն ներառելով ֆուտբոլային գրքերում` որպես օրինակ, թե ինչպես չի կարելի խաղալ…

Ալժիր-Հայաստան` 3:1 (Տեսանյութ)