Արևիկ Ալավերդյան. Միշտ երազել եմ, որ առաջնեկս տղա լինի. Life.panorama.am
31/05/2014 16:45

Արևիկ Ալավերդյան. Միշտ երազել եմ, որ առաջնեկս տղա լինի. Life.panorama.am

Արդեն շուրջ երկու տարի է՝ երգչուհի Արևիկ Ալավերդյանն ամուսնու հետ բնակվում է Փարիզում: Ու, թեև, նա ժամանակավորապես դադարեցրել է երաժշտական գործունեությունը, երկրպագուները շարունակում են հետաքրքրվել՝ երգչուհուց առաջիկայում նորություններ սպասե՞ն, թե՞ ոչ: Life.panorama.am-ը Արևիկի հետ զրուցել է նրա ֆրանսիական կյանքի, առաջիկա ծրագրերի և նորակազմ ընտանիքի մասին:

- Ֆրանսիայում ի՞նչն եք ամենաշատը հավանել, և ի՞նչն է, որի հետ մինչև այժմ չեք համակերպվել:

-Շուտով կբոլորի մեր ամուսնության երկու տարին. դա շատ չէ, բայց հավատս չի գալիս, որ այդքան ժամանակ ապրել եմ Փարիզում: Այստեղ, իսկապես, ժամանակը արագ է անցնում: Փարիզում ամեն ինչից հնարավոր է ոգեշնչվել. հրաշք քաղաք է, իրոք՝ ռոմանտիկ սիրո քաղաք, բայց, այնուամենայնիվ, կարոտն իրենն անում է: Երևանն ու հարազատներս միշտ մտքումս են: Ինձ զգում եմ բաժանված երկու մասի, հասկանում եմ, որ արդեն երկու տուն ունեմ: Փորձում եմ այդ մտքի հետ աստիճանաբար համակերպվել:

-Գիտենք, որ հաճախ եք այցելում Հայաստան, այնուամենայնիվ, հայրենիքի, հարազատների հանդեպ կարոտը կարողանու՞մ եք փարատել:

-Այո, հաճախ հայրենիք այցելելով փարատում եմ կարոտս: Ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ունեմ: Շատ կապված եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Երևանս շատ եմ սիրում:

 -Այս պահին այդտեղ ինչո՞վ եք զբաղված: Մասնագիտական գործունեություն ծավալու՞մ եք:

-Այս պահին դեռ ազատ եմ: Հաճախում էի լեզվի դասընթացների, բայց հիմա դադար եմ վերցրել, քանի որ պատրաստվում եմ գալ Երևան:

-Առաջիկայում ձեզանից նոր երգ, ինչ-որ նորություն երկրպագուները սպասե՞ն:

-Հաճախ են այս հարցն ուղղում, ստիպված եմ նույն պատասխանը տալ. այդպիսի ծրագրեր դեռ չկան:

-Ձեր և Անուշիկի հետ ազգագրական երգ ձայնագրելու կապակցությամբ հայրիկի ցանկությունը ի կատար ածվելու ո՞ր փուլում է:

-Այս ամառվա ընթացքում, կարծում եմ, մի երգ միասին կպատրաստենք: Ժամանակ շատ կունենամ, և հանգիստ կզբաղվենք ձայնագրությամբ:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ ցանկություն ունեք Հայաստանում ատելիե բացել. հիմա էլ ունե՞ք այդպիսի մտադրություն:

-Ցանկություն ունեմ, այո, բայց քանի որ տեղափոխվել եմ, դա իրականացնելը հեռվից հնարավոր չէ:

-Ձեր ամուսինն ի՞նչ մասնագետ է, այդտեղ ի՞նչ գործունեություն է ծավալում:

-Ամուսինս բիզնեսով է զբաղվում՝ ռեստորանատեր է, աշխատանքի բերումով միշտ զբաղված է լինում, հետևաբար, ես գալիս եմ Երևան, հետո նա միանում է ինձ:

 

-Ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել ընտանեկան հանգիստը:

-Ամուսինս շատ է սիրում Երևանը, ամառային արձակուրդների մեծ մասը անցկացնում ենք հարազատ քաղաքում: Իսկ եթե քիչ ժամանակ ենք ունենում, հնարավոր է՝ այցելենք ցանկացած երկիր: Առհասարակ, շատ եմ սիրում ճամփորդել:

-Բալիկ ունենալու մտադրություն ունե՞ք, ի՞նչ սեռի առաջնեկ կուզենաք ունենալ:

-Աստված առաջ՝ շատ ենք ցանկանում, ես միշտ երազել եմ, որ առաջնեկս տղա լինի, բայց կարևորը, որ առողջ երեխա լինի, սեռն էական չէ:

-Ձեզ ե՞րբ սպասենք Հայաստանում:

-Մեր տանն արդեն ճամպրուկային տրամադրություն է տիրում. մեկ շաբաթից կլինեմ Երևանում: 

Արևիկ Ալավերդյան. Միշտ երազել եմ, որ առաջնեկս տղա լինի. Life.panorama.am