.jpg)
Իգիթյան. Անընդունելի է, որ Հայաստանին նման ստորացուցիչ վիճակի մեջ են դնում
Անընդունելի է, որ Հայաստանին նման ստորացուցիչ վիճակի մեջ են դնում, և անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը որևէ ձևով՝ նույնիսկ դիվանագիտորեն, չի պատասխանում: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած նախագահների հանդիպմանը, նման կարծիք հայտնեց ՀՀՇ կուսակցության վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը` Հ. Իգիթյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը պետք է ասեր, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև չի կարող տնտեսական սահման լինել, քանի որ «Ղարաբաղը պորտալարով է կապված Հայաստանին»:
«Ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցը դրված է եղել հենց սեպտեմբերի 3-ից, երբ շշուկով խոսվում էր, թե Սերժ Սարգսյանը Մաքսային միության անդամակցության հարցն ընդունեց, քանի որ դրված էր նաև Ղարաբաղի անվտանգության հարցը»,- ասաց նա:
Եթե Եվրասիական տնտեսական միության անդամները, Հ. Իգիթյանի խոսքով, խոչընդոտ են համարում Արցախի հարցը, ապա Հայաստանն առնվազն պետք է վերանայի իր դիրքորոշումը.
«Հայաստանը պետք է ասի` դուք ձեր միությունը ստեղծեք ու աշխատեք, իսկ մենք կհաշվարկենք և կորոշենք մեր հետագա անելիքները»: