.jpg)
Անչափահասը համաներմամաբ ազատ է արձակվել՝ դանակահարության գործով
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը համաներմամբ ազատ է արձակել քաղաքի Էրեբունու վարչական շրջանում գտնվող «Ազատամարտիկների» զբոսայգում դանակով 2 անգամ հարվածած 16-ամյա Մելս Էկտուբարյանին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Մ. Էկբատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 03.03.2013թ. Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանում գտնվող «Ազատամարտիկների» զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, իրեն փոխանցված դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է 22-ամյա Նարեկ Գասպարյանին` պատճառելով առողջության ծանր վնաս:
Գործի նյութերի համաձայն՝ նույն օրը ժամը 20.30-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնին հաղորդում է տրվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի Նուբարաշենի 6 փողոցի 22 տան բնակիչ, 1992թ. ծնված Նարեկ Գագիկի Գասպարյանը։
Հիվանդանոցում տուժողը հայտարարել է, որ Էրեբունի թանգարանի մոտ իրեն դանակահարել են։
Նույն օրը` 03.03.2013թ. ժ.2125-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժնում այն մասին, որ «ձախ նստատեղի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ շտապբուժօգնության բրիգադի միջոցով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Նուբարաշենի 9 փողոցի 1 շենքի 33 բնակարանի բնակիչ, 17 տարեկան Մհեր Սինանյանը։ Ըստ վերջինիս հոր հայտարարության` որդին Դիմիտրով փողոցի այգում ընկել է երկաթի վրա և վնասվել է։
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի կողմից 04.03.2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12108613 քրեական գործը և նախաքննություն է կատարվել։
2013թ. մարտի 27-ին որոշում է կայացվել անչափահաս, կասկածյալ Վահան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց` ծնողի հսկողությանը հանձնելը կիրառելու մասին, իսկ ապրիլի 3-ին որոշում է կայացվել Վ. Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Վահան Ղազարյանը մեղադրվել է այն բանում, որ 03.03.2013թ. ժ.2000-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Ազատամարտիկների» զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է Մհեր Սինանյանի հետույքային շրջանին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք։
2013թ. Մայիսի 7-ին ինքնակամ, իր մոր և փաստաբանի ուղեկցությամբ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել1998թ. ծնված Մելս Էկտուբարյանը, ով հայտնել է, որ Երևանի «Ազատամարտիկների» զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է ինչ-որ անծանոթ տղայի։
Դանակահարել է վիճաբանության ժամանակ
Նախաքննության ընթացքում Մելս Էկտուբարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013թ. մարտի 3-ին առավոտյան գնացել է ձկնորսության համար որսորդական դանակ գնելու, որը գնելուց հետո վերադարձել է տուն։ Տուն վերադառնալու ճանապարհին «Ազատամարտիկների» այգու մոտ հանդիպել է իրենց բակի բնակիչ Վանիկին և վերջինիս հետ եղած մոտ 8 հոգի տղաների։ Վանիկի հետ խոսելու ժամանակ վերջինիս ցույց է տվել գնված դանակը։ Խոսակցության ժամանակ Վանիկից տեղեկացել է, որ նուբարաշենցիները գնալու են Վանիկենց հետ հանդիպման, սակայն այդ ժամանակ Վանիկին զանգահարել է ինչ-որ մեկը և Վանիկն իրեն ասել է, որ նուբարաշենցիները չեն գալու հանդիպման։
Այդ ժամանակ իրեն զանգահարել է հայրը և ինքը գնացել է տուն, որտեղ հայրը, ստուգելով իր գրպանները, իր մոտից հանել է որսորդական դանակը և պահել այն։
Երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում ծխելու նպատակով տանից դուրս գալու ժամանակ լսել է, որ ընտանիքի անդամները ուզում են դերձակի մոտ շոր տանել, ինքն է վերցրել քրոջ հագուստը, գնացել դերձակի տուն, որը գտնվում է «Ազատամարտիկների» զբոսայգու մոտակայքում։ Դերձակի տանը գտնվելու ընթացքում իր հեռախոսահամարին բազմաթիվ անգամ զանգահարել են, սակայն ինքն առանց նայելու, թե ով է զանգահարում, գրպանի մեջ անջատել է հեռախոսը։
Դերձակի տանից դուրս գալու ժամանակ իրեն զանգահարել է Վանիկը և տեղեկանալով իր գտնվելու վայրի մասին, ասել է, որ իրենք մոտակայքում են և խնդրել է մոտենալ իրենց։ Երբ ինքը մոտեցել է Վանիկին, որի հետ կանգնած են եղել մի քանի տղաներ, Վանիկն իրեն հայտնել է, որ նուբարաշենցիները գալու են զբոսայգի։ Այդ ժամանակ ինքը տեսել է, որ Վանիկի ընկերների ևս 2 խումբ կանգնած են զբոսայգու մոտակայքում։ Վանիկի հետ խոսելու ժամանակ իրեն է մոտեցել իրենից տարիքով մեծ մի տղա, հարցրել է, թե կռվի համար անհրաժեշտ առարկաներ ունի՞, թե՞ ոչ։ Ինքը պատասխանել է, որ ոչ, այդ ժամանակ նշված տղան իրեն է փոխանցել «սուլթանիկ» կոչվող դանակը, ասելով, որ պահի իր մոտ, պետք կգա։
Մի քանի րոպե անց տեսնելով, որ նուբարաշենցիները մոտեցել են, գնացել են զբոսայգու ցայտաղբյուրի մոտ, որտեղ հանդիպել են վերջիններիս, որոնք եղել են մոտ 15 հոգի, իրենցից տարիքով բավականին մեծ և սպորտային կառուցվածքով, որոնք եկել էին 3 ավտոմեքենաներով` կանգնեցնելով զբոսայգու մուտքի մոտ։ Միմյանց մոտենալով, ինչ որ մեկը հարցրել է «ու՞մ հետ էի հեռախոսով խոսում», որից հետո սկսվել է վիճաբանությունը, որի ժամանակ իրենից տարիքով մեծ ինչ որ տղա իրեն հարվածել է, իսկ մյուսն իրեն գցել է գետնին, որից հետո ոտքերով սկսել են հարվածել իրեն։ Երբ բղավել է, սկսել են հարվածել նաև գլխին։ Այդ ժամանակ ինքը գրպանից հանելով դանակը, սկսել է անկանոն շարժել, որպեսզի իրեն չհարվածեն և այդ ժամանակ զգացել է, որ դանակն ինչ որ բանի դիպավ։ Լսելով, որ բղավում են` «ոստիկանները», դիմել է փախուստի և գնացել տուն։ Տուն գնալու ժամանակ իր ձեռքի դանակը նետել է շենքի մոտակայքում և մտել տուն, որտեղ ընտանիքի անդամներին պատմել է, որ վիճաբանության մեջ է ընկել, որից հետ ինքն իրենց տանը գտնվող բարեկամների հետ մեկնել է ԼՂՀ, հետագայում ներկայացել է ոստիկանություն։
Տուժողը հայտնել է, որ վիճաբանության պատճառը նույն դպրոցում սովորող աղջիկն է
Տուժող Մհեր Սինանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր հետ նույն դպրոցում սովորող Հեղինեի (անունը փոխված է) հետ ընկերություն է արել մոտ մեկուկես տարի։ Դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ իրեն զանգահարել է Վանիկը և ասել, որ Խաթունի վերաբերյալ ցանկանում է զրուցել իր հետ։ Իրենք հանդիպել են, զրուցել և նորմալ բաժանվել։ 2013թ. մարտի 3-ին ժամը 1930-ի սահմաններում իրեն զանգահարել է Վանիկը և պահանջել, որ այլևս չանհանգստացնի Խաթունին և անջատել է հեռախոսը։
Մոտ 15 րոպե անց իր ընկերոջ` Սեդրակի հեռախոսահամարին, զանգահարել է ինչ-որ մեկը, իրենից պահանջել, որ Խաթունին չանհանգստացնի ու հայհոյել է, որից հետո ասել, որ սպասում են Նոր-Արեշ թաղամասի այգում։ Ինքն իր ընկերներ Արթուրի և Արկադիկի հետ, Սեդրակից վերցնելով հեռախոսը, գնացել են այգի։ Ճանապարհին ինքը զանգահարել է իր ընկերոջը` Նարեկին և հայտնել, որ գնում է Նոր-Արեշի այգի` հանդիպման։ Իրենք գնացել են այգու մոտ, որտեղ իրենց են մոտեցել Նարեկը և Դավիթը։
Այգու դիմաց իրենց են մոտեցել 2 տղա և ասել, որ առաջանան դեպի այգու ներսի կողմը, որպեսզի զրուցեն։ Այգու ներսում տարբեր կողմերից իրենց են մոտեցել մոտ 40 տղաներ, որոնց մեջ եղել է նաև Վանիկը։ Նարեկը հավաքվածներին հարցրել է, թե ո՞վ է հեռախոսով խոսել, երբ այգում գտնվող տղաներից մեկը բռնել է Նարեկի թևից և ասել, որ մի կողմ գնան և խոսեն, սակայն Նարեկը պահանջել է, որ նա թողնի իր թևը, որից հետո Նարեկը և անծանոթը միմյանց քաշքշել են, ինչի հետևանքով վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում ինքն ընկել է ինչ որ մեկի վրա և ընկած վիճակում իրեն հարվածել են։ Լսելով, որ ոստիկաններ են գալիս, վիճաբանության վայրում եղած բոլոր տղաները փախել են։ Ոստիկանների գալուց հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց։ Հետագայում տեղեկացել է, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև Նարեկը։
Դատարանը գտել է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Մելս Էկտուբարյանի պատախանատվությունը և պատիժը մեղմացուցիչ հանգամանքներ են հանդիսանում հանցանք կատարելու պահին ամբաստանյալի անչափահաս լինելը, առողջական վիճակը` կակազելը, մեղայականով ոստիկանության Էրեբունու բաժին ներկայանալը և հանցագործությունը բացահայտելուն աջակցելը, շրջապատում ամբաստանյալի դրական բնութագրվելը, նախկինում դատվածություն չունենալը, կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը, ինչպես նաև` տուժողի վարքագծի հակաօրինականութունը, որը պայմանավորել է հանցագործությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում քննարկելով հարցը, դատարանը գտել է, որ ամբաստանյալ Մելս Էկտուբարյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել այնպիսի պատիժ, որը բխում է ՀՀ քրեական օրենգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներից պահանջներից, այն է` արդարադատության արդյունավետության շահերից և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, որն անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանք կատարելը կանխելու համար։
Դատարանի դատավճռով՝ ամբաստանյալ Մելս Էկտուբարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական պատիժ է կիրառվել` դատապարտելով ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Կիրառելով ՀՀ Ազգային ժողովի 03.10.2013թ. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ դատարանը ամբաստանյալ Մելս Էկտուբարյանին ազատել է պատժից։