.jpg)
Աղոթելու հերթը հիմա արմավիրցիներինն է. Բարերար
Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բացման արարողությունից հետո, լրագրողների հետ զույցում Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը նշեց, որ սա քաղաքի առաջին եկեղեցին է: Նրա խոսքով՝ նպատակ կա Արմավրիր մարզում կառուցել նաև ավելի մեծ եկեղեցի:
«Արմավիր քաղաքը արդեն 83 տարեկան է: Խորհրդային տարիներին բնականաբար եկեղեցի կառուցել հնարավոր չէր, բայց փառք տանք Աստծուն, որ այսօր կառուցվեց այս եկեղեցին: Մեր քաղաքացիները օգտվում էին մյուս գյուղերի եկեղեցիներից, իսկ սեփականը երբեք չեն ունեցել: Մենք նոր գործ չենք կատարում, այլ շարունակում ենք մեր նախնյաց սրբազան գործը: Եկեղեցին ոչ թե քարաշեն կառույց է, այլ հոգևոր կենտրոն, որի անունն է ժողովուրդ: Թող Աստված մեր ժողովրդին ուղղի դեպի սուրբ եկեղեցի, որպեսզի այնտեղ գտնեն իրենց փրկության ճանապարհը»,- նշեց նա:
Իսկ բարերար Կարեն Մկրչտյանը նշեց, որ եկեղեցի կառուցելը եղել է իր վաղեմի երազանքը:
«Մայրս էր միշտ այս մասին երազում: Ինքս էլ ամբողջ կյանքում երազել եմ, որպեսզի Արմավիրում եկեղեցի կառուցեմ: Իմ կյանքում չկա ավելի մեծ ուրախություն, քան սիրել Ատծուն, չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել իմ ժողովրդին: Այսօր ինձ համար ամենաերջանիկ օրերից մեկն է: Եկեղեցին փայտ ու քար չէ: Այն աղոթքի ու հավատքի տուն է: Աղոթելու հերթը հիմա արմավիրցիներինն է, որ պետք է այս տունը լցնեն աղոթքով»,-ասաց նա՝ նշելով, որ 17 տարի առաջ մեկ այլ նախագիծ է ֆինանսավորել, որը ցավոք այն չի իրականացվել:
Ճարտարապետ Միքայել Մկրտյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկեղեցի կառուցելու մտադրությունը միշտ եղել է: «Վերջապես կառուցվեց այս եկեղեցին, որի համար շատ ուրախ եմ: Բազիլիկը սկզբնական քրիստոնեական եկեղեցու կերպարն է, տիպը: Բազիլիկը կոկիկ բառ է և այդպիսի կառույցներ շատ կան Արմավիրում: Սրբազանի հետ համաձայնեցրինք ու այս եկեղեցին կառուցեցինք: Ժամանակի ընթացքում եկեղեցին կունենա նաև գմբեթ»,- ասաց նա:
Եկեղեցու շենքը նախկինում եղել է ամառային կինոթատրոն, որը եղել է ոչ բարվոք վիճակում: Ճարտարապետի խոսքով՝ հիմանական նախագիծը պահպանվել է:, պարզապես որոշակի փոփոխություններ են արվել: Նշենք, որ նախագծի համահեղինակն է նաև ճարտարապետ Արայիկ Ավետյանը:
Նախորդող հրապարակում՝ 83 տարի անց իրականացավ մեր պապերի ու ծնողների երազանքը. Աշոտ Ղահրամանյան