.jpg)
ՊՆ-ն պարգևատրել է զինծառայողների. Հայ զինվորը լիովին կատարում է իր խնդիրը
Նախօրեին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ոլորտի ուղղությամբ 2013թ. ընթացքում կատարված աշխատանքները: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Բացելով նիստը և կարևորելով թիկունքային ու ռազմաբժշկական ծառայությունների արդյունավետ աշխատանքների անհրաժեշտությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է սահմանային իրավիճակի մասին, անդրադարձել վերջին շրջանում արձանագրված միջադեպերին: Նշվել է, որ սահմանին կանգնած հայ զինվորը լիարժեքորեն կատարում է առաջադրված խնդիրները, զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել:
Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի ոտնձգությունները կանխելու, զգոնություն, վճռականություն, անձնական խիզախություն ցուցաբերելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինվորական բարձր կարգապահության և օրինակելի վարքի համար մի շարք զինծառայողներ կոլեգիայի նիստի ընթացքում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով: