.jpg)
ԵՄ պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել. Տրայան Հրիսթեան
Վերջերս սկսել եմ մտորել ոչ թե ինչ-որ նոր մոտեցումներով առաջնորդվելու մասին, այլ ինչպիսի աջակցություն պետք է ցուցաբերենք Հայաստանին՝ մեր երկխոսությունը շարունակելու համար: Աղվերանում ընթացող եռօրյա սեմինարի ժամանակ այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: «Մենք շարունակում ենք աջակցություն տրամադրել Հայաստանի այն ոլորտներին, որոնք կարևոր են տնտեսության զարգացման համար: Դրանցից են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և մի շարք այլ ոլորտներ, որոնք նպաստում են Հայաստանի ժողովրդավարացմանը, աղքատության նվազեցմանը»,- ասաց նա:
Անդրադառնալով Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթին՝ Տ. Հրիսթեան ընդգծեց, որ ԵՄ-ն համաձայնել է վերանայել այդ գործընթացը, գործողությունների պլանը, որն ըստ նրա՝ գտնվում է թարմացման փուլում: «Դրանով կանդրադառնանք ու կվերադառնանք այն իրավական շրջանակին, որով հնարավոր կլինի համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: ԵՄ հետ համագործակցելը եղել է մեր պապերի երազանքը: Արդեն 64 երկրներում համագործակցում ենք տարբեր ոլորտներում: Մեր հայ գործընկերների հետ մենք այս պահին գտնվում ենք մի փուլում, որը միտված է ապագա երկկողմանի համագործակցությանը: Հենց այստեղ է, որ պետք է հասկանանք, թե ինչպես պետք է իրականացնենք այն, ինչի մասին համաձայնել ենք Վիլնյուսում: Մենք ունենք մենյուն՝ միջոցառումների ցանկը, բայց մյուս կողմերից պետք է հասկանանք, թե ինչ ձևաչափով ենք աշխատելու հետագայում, ինչ մեխանիզմներ ունենք և ինչ ենք արել մինչ օրս»,- նշեց նա:
Տ. Հրիսթեան ընդգծեց, որ թեև սեպտեմբերի 3-ից հետո ԵՄ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որոշակի վերախմբագրվել է, բայց ինքն անձամբ պատրաստ է երկխոսության ուղղությամբ աշխատել, քննարկել բոլոր առաջարկները, հեռանկերներն ու համագործակցության պատճառները: «Վիլնյուսի գագթանաժողովից հետո երկու կողմերն էլ համաձայնել են վերանայել իրենց հարաբերությունները: Պետք է աշխատենք գրանցել հաջողություններ մինչև հաջորդ գագաթնաժողովը: Պարզ է, որ մեր համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվելու է փոխշահավետ ոլորտներում, ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՄ համար: Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայացված ինչ հավակնություններ էլ լինեն՝ մենք հավատացած ենք, որ այդ հավակնություններից անկախ, չափազանց կարևորն այն է, որ այս գործընթացը զուգակցվի բարեփոխումների իրական իրականացմամբ, որպեսզի մենք ևս համոզված լինենք, որ մենք իսկապես կարող ենք մեր նպատակներին հասնել, որոնք կարևոր են հատկապես Հայաստանի համար»,- շեշտեց նա:
ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ այս գործընթացը կողմերի համար բավականին դժվար առաջարկ է: «Բազմաթիվ կառույցների ֆինանասկան նվիրատվություն ենք արել: Միայն նախորդ տարի ԵՄ Հայաստանին հատկացրել է 250 մլն եվրո: Հուսով ենք, որ շատ ավելի մեծ առաջադիմություն կգրանցենք այս համագործակցությամբ: Մենք կարող ենք այդ համագործակցությունը կրկին շարունակել, եթե մեր առաջարկված մոտեցումներն ընդունելի լինեն հայ հասարակության ու Հայաստանի կառավարության համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն հսկայական գումար է դնում սեղանին՝ Հայաստանի հետ համագործակցության համար: «Մենք Հայաստանի համար կարողացել ենք հանդես գալ իբրև գործընկեր: Հայաստանի հետ համագործակցությունը սկսել ենք ԽՍՀՄ փլուզումից հետո և հասել ենք մի մակարդակի, որ կնքել ենք բազմաթիվ համաձայնագրեր: Համագործակցել ենք ժողովրդավարական սկզբունքով, հարգանք տածելով այդ սկզբունքի նկատմամբ: Մենք ունենք դեռ անելիքներ այդ համագործակցությունն ըդլայնելու համար և ուզում ենք հավատալ, որ այդ համագործակցությունը դեռ կշարունակվի: Նոր համաձայնագրում ներկայացված է լիարժեք ցանկը, թե որ ոլորտներում ենք պատրաստ շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը՝ բացառությամբ անվտանգության մասով, թեև կան կետեր, որոնք առնչվում են նաև այդ դրույթին»,- ասաց նա: