.jpg)
Վիվյեն Բոստանջյան. Ուժեղ կնոջ տպավորություն եմ թողնում, բայց՝ խոցելի եմ
«Փոքր թատրոնի» դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Փեսացուն կրկեսից» ֆիլմից և «Եղբայրները» սերիալից, պատրաստվում է նկարահանվել Հովհաննես Գալստյանի՝ «Լուսավոր շրջան» կոչվող հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմում, ինչպես նաև՝ մի նոր սերիալում, որտեղ նրա խաղընկերն է Սամվել Սարգսյանը:
Դերասանուհին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է իր անցած ուղու, ապագայի ծրագրերի մասին, անդրադարձել է իր կին տեսակին, բացահայտել որոշ «թաքնված գծեր»:

-Թատրոնում բազում դերեր եք կերտել, անգամ այնպիսիք, որոնք երազանք են ցանկացած դերասանուհու համար. ամեն դեպքում, կա՞ մի դեր, որն անհաս մնաց:
-Վերջերս զրուցում էի մանկությանս ընկերուհու հետ, ով հիշեցրեց, որ դեռևս փոքր տարիքում ասել եմ՝ ինչ էլ լինի, երբ մեծանամ՝ Լեդի Մակբեթ եմ խաղալու: Ես չէի հիշում, որ նման բան է եղել և ապշել էի. փաստորեն, տարիներ առաջ պահած ցանկությունս իրականացել էր: Բացի այդ՝ դեռևս ուսանողական տարիներին երազում էի Լուկրեցիա Բորջա խաղալ, երբ կդառնայի քառասուն տարեկան, բայց հիմա, երբ արդեն քառասուն եմ, ինձ համար տարբերություն չկա, թե ինչ դեր եմ խաղում, կարևորը, որ հավատում եմ այն ռեժիսորին, ով ինձ առաջարկում է տվյալ դերը:
-Իսկ ո՞ր դերը ձեզ համար բեկումնային եղավ:
-«Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ…» ներկայացման մեջ (Ա.Կոպիտ) Մադամ Ռոզպետլի դերն ինձ համար բեկումնային էր այն առումով, որ առաջին գլխավոր դերս էր, որով ճանաչվեցի: Երբ խաղում էի Ռոզպետլ, սովորում էի երրորդ կուրսում: Արմեն Մազմանյանն արգելել էր, որ այդ ներկայացման մեջ խաղամ (նա ուներ նման կամակորություններ-Վ.Բ.), ու չնայած դրան, ես շատ պայքարեցի և, ի վերջո, այդ քայլն ինձ ներվեց (ծիծաղում է):
-Ո՞ր կերպարից եք սովորել ապրել:
-Բոլորից եմ սովորել...Ամեն կերպար ինձ վրա ինչ-որ հետք է թողել:
-Դուք լայն ճանաչում ստացաք «Փեսացուն կրկեսից» ֆիլմից հետո. կատակերգությունը ձեզ համար հարազա՞տ ժանր է:
-Ես ժանրային տարբերություն չեմ դնում, եթե նախագիծը հաջողված է:

-Վերջերս հանդես եկաք «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում. ո՞րն եք համարում ֆիլմի արժեքը, ինչպիսի՞ն է ձեր կերպարը:
-Նախ՝ ֆիլմն արժեքավոր է այն առումով, որ նկարահանվել է Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով: Երկրորդը՝ այն մեծ արժեք է, հատկապես, մանուկների համար: Գիտեմ, որ դպրոցներից աշակերտները շատ են գնում ֆիլմը դիտելու, և դա ուրախացնում է ինձ: «Կիսալուսնի ծովածոցում» խաղում եմ մի փխրուն կնոջ և համբերատար մոր կերպար, հրաշալի դեր է, ֆիլմը դիտել է պետք...
-Ի՞նչ հետաքրքրիր համագործակցության առաջարկ եք ստացել, որի մասին կուզենայիք պատմել:
-Պատրաստվում եմ նկարահանվել Հովհաննես Գալստյանի՝ «Լուսավոր շրջան» կոչվող հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմում: Իսկ հիմա նկարահանվում եմ «Խաչվող հետքեր» անունը կրող կարճ սերիալում, որը պետք է եթեր հեռարձակվի ATV-ով: Համաձայնվեցի նկարահանվել, քանի որ նախ՝ պրոդյուսերը հետաքրքիր մոտեցում ուներ նախագծին, բացի այդ՝ նպաստեց սցենարիստի գործոնը: Սերիալում իմ խաղընկերն է Սամվել Սարգսյանը, որին շատ հարգում եմ, և ուրախ եմ մեր համագործակցության համար:
-Առաջին մասնագիտությամբ լեզվաբան եք. որտե՞ղ է այն ձեզ օգնել:
-Լեզու իմանալն, առհասարակ, շատ կարևոր է եղել իմ ընտանիքի համար: Ֆրանսերենի իմացությունը օգնեց, որ հյուրախաղերի ժամանակ լեզվի խնդիր չունենամ, ինչպես նաև՝թարգմանեմ երկու պիես:
-Դուք ամուսնացել եք 18 տարեկանում. ապագա դերասանուհու կարիերայի համար վաղ տարիքում ընտանիք կազմելը խոչընդոտ չէ՞ր:
-Նախկին ամուսինս երբեք չի խոչընդոտել դերասանուհի դառնալու իմ որոշմանը, երբևէ չի արգելել որևէ բան:

-Ձեր կին տեսակն ինչպե՞ս կբնութագրեք:
-Ինձ մոտ անցումային շրջանները հաճախ են մեկը մյուսին հաջորդում: Ես միշտ ուժեղ, իշխող կնոջ տպավորություն եմ թողնում, բայց իրականում շատ խոցելի եմ, ինչպես բոլոր կանայք: Չնայած, երբ ինչ-որ բանից նեղսրտում եմ, դա տևում է ամենաշատը երեք օր. դեռ փոքրուց այդպիսին եմ:
-Ձեր դուստրն արդեն նշանվել է, գուցե, շուտով, տատիկ դառնաք, հոգեբանորեն պատրա՞ստ եք այդ շրջափուլին:
-Ես պատրաստ եմ ամեն նոր փորձության, եթե այն ընթանում է բնական հունով և ինձ ներդաշնակ եմ զգում: