Լիլիթ Մուրադյան. Եթե կա սեր և վստահություն, ամեն դժվարություն հաղթահարելի է
02/06/2014 18:36

Լիլիթ Մուրադյան. Եթե կա սեր և վստահություն, ամեն դժվարություն հաղթահարելի է

«Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշել է, որ երբեք չի ցանկացել լինել հայտնի, առավել ևս՝ աստղ, փոխարենը՝ նպատակ է ունեցել դառնալ լավ մասնագետ: Կայքի թղթակիցը հաղորդավարուհու հետ անդրադարձել է որոշ մասնագիտական հարցերի, նրա նախասիրություններին` չշրջանցելով նաև անձնական կյանքը:

-Սովորել եք ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում. ի՞նչը դրդեց ձեզ մուտք գործել հեռուստատեսության ոլորտ:

-Ես իմ մասնագիտությամբ բանասեր-լեզվաբան եմ, իսկ հեռուստատեսության նկատմամաբ սերը գենետիկորեն փոխանցվել է պապիկիցս, որը «Երևան» ստուդիայի հիմնադիրն էր: Արդեն երրորդ կուրսում որոշեցի, որ հաղորդավար եմ դառնալու, բայց երբեք չեմ ցանկացել լինել հայտնի, կամ, ինչպես այսօր են ասում, աստղ: Ցանկացել եմ լինել լավ մասնագետ և գնահատված հաղորդավար, իսկ մենք, հավատացեք, բավականին անշնորհակալ աշխատանք ենք անում:

- Ձեր պապիկի՝ լրագրող Վլադիմիր Մուրադյանի գործոնը, որքանո՞վ է նպաստել, որպեսզի ընտրեք հաղորդավարի մասնագիտությունը:

-Նա շատ մեծ դեր է ունեցել այդ հարցում: Ես դեռ մանկուց սիրում էի գրել և կարողանում էի երկար խոսել, դասի ժամանակ պատմում էի բաներ, որոնք ոչ մի կապ չունեին թեմայի հետ և ստանում գերազանց: Պապիկս ինձ շատ օգնեց ճիշտ խոսելու և մտքերս գրագետ շարադրելու առումով. կցանկանայի, որ նա այսօր կողքիս լիներ: Բայց մի բան էլ հավելեմ. իմ կյանքում ցանկացած կարևոր ընտրություն կատարելիս (այդ թվում՝ աշխատանքին առնչվող) իր անփոխարինելի դերն է ունեցել մորաքույրս:

-Թվարկեք երեք պարտադիր հատկանիշ, որոնցով պետք է օժտված լինի հաղորդավարուհին:

-Ինտելեկտ, համարձակություն և զրուցակցին ամբողջովին բացահայտելու ունակություն:

- Կա՞ նոր նախագիծ, հետաքրքիր ծրագիր, որտեղ ընդգրկված եք, եւ կուզենայիք պատմել այդ մասին:

-Դա պարզ կլինի սեպտեմբերից:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, բացի աշխատանքից, ինչո՞վ է հագեցած ձեր առօրյան:

- Սիրում եմ մեծ թենիսով զբաղվել, այցելել սպորտդահլիճ, իսկ ամենից շատ սիրում եմ ժամանակս անցկացնել ինձ հարազատ մարդկանց շրջապատում:

- Վերջերս մամուլը գրեց, որ ընկերություն եք անում «Առավոտ լուսո»-ի հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ. երբևէ կպատկերացնեի՞ք, որ ձեր ընկերը կլիներ հենց ձեր գործընկերը:

-Չեմ սիրում խոսել իմ անձնականից. չեմ կարծում, թե դա մարդկանց հետաքրքիր է:

-Կնոջը երջանիկ լինելու համար ի՞նչ է հարկավոր:

-Գնահատել այն, ինչ ունի և ներդաշնակ լինել սեփական անձի հետ: Լիարժեք երջանիկ մարդ երբեք չի լինում. կան պահեր, որոնք պետք է ապրել և գնահատել:

 

-Կա՞ գրական կերպար, որը ձեզ գրավում է:

-Կառանձնացնեմ Ալբեր Քամյուի «Անկումի» հերոսին. մի կերպար, որը խորը թաքնված է մեր մեջ:

-Կին - տղամարդ հարաբերությունների կայուն լինելու գլխավոր նախապայմանը ո՞րն է:

- Եթե կա սեր և վստահություն, ամեն դժվարություն հաղթահարելի է:

-Առաջիկայի ձեր ամենամեծ նպատակը ո՞րն է:

-Շատ նպատակներ ունեմ, բայց փորձում եմ ապրել այս օրով և այս պահով: Մեր գործն է լինել երջանիկ. վաղվա օրը մեզ հայտնի չէ: