.jpg)
Անի Զախարյանի ուշացած նախաձեռնությունը (Տեսանյութ)
Aysor.am-ը օրեր առաջ հրապարակել էր «Վերածենք աղբանոցը խաղահրապարակի» վերտառությամբ մի հոդված, որին արձագանքել էին թե´ Երևանի քաղաքապետարանից, և թե´ Շենգավիթ վարչական շրջան թաղապետարանից: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով այս օրերին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ խաղահրապարակի համար հարմար տարածք փնտրելու և այն կառուցելու ուղղությամբ:
Բայց ահա այսօր, երբ արդեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները, այդ ֆոնին որոշ «քաղաքական» անհատներ և ուժեր փորձում են ինքնահաստատվել:
Կարմիր-Բլուր պատմամշակութային հնավայրում, որի հարակից տարածքում և փորձում են հարմար վայր գտնել խաղահրապարակը կառուցելու համար, երեկ փոքրիկ մանկական միջոցառում էր նախաձեռնել բոլորիս քաջ հայտնի, ինքն իրեն քաղաքական գործիչ հռչակած, ոչ ավել, ոչ պակաս «Հայաստանի Նոր Քաղաքական» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը. ով նաև ստորագրահավաք էր կազմակերպել խաղահրապարակ կառուցելու համար:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ակցիան նախաձեռնել է ինքը՝ երեխաների պաշտպանության օրվան նվիրված, որի ընթացքում կազմակերպել է ստորագրահավաք: Նա նշեց, որ ակցիայի միջոցով ուզում են դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Կարմի-Բլուրի թանգարանը վերանորոգելու համար: «Ուզում ենք այս ամբողջ հնավայրը ցանկապատվի, քանի որ այստեղ շուտով պեղումներ են ընթանալու: Ուզում ենք մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգանքը տածվի: Ուզում ենք նաև, որ խաղահրապարակ կառուցվի Ձեռնոցի գործարանի հարակից տածարծքում»,- նշեց նա:
Ի դեպ, նկատենք, որ մանուկների երգ ու պարին այստեղ հաջորդեց ոչ թե հայկական ավանդական երգ-երաժշտությունը, այլ արտասահմանյան ու թուրքական երաժշտությունը: Ինչ վերաբերում է խաղահրապարակ կառուցելուն, ապա հիշեցնենք, որ խաղահրապարակի մասին բարձրաձայնել են Պոպովի ու Տիմիրյազևի փողոցի բնակիչները:
Հիշեցնենք նաև, որ սա այն նույն Անի Զախարյանն էր, ով հանդգնել էր ձեռնոց նետել մեր ազգային արժեքներին ու ավանդույթներին:
Հ. Գ. Չհաշված թերություններն, իհարկե սա շատ լավ նախաձեռնություն է, մանավանդ, որ Անի Զախարյանը փորձում է իր այս քայլով մեր երեխաների մեջ հարգանք սերմանել պատմամշակութային հուշարձանների ու բնապահպանական տարածքների նկատմամբ, ով նաև ուզում է սովորեցնել, թե ինչպես պետք է դրանք պահպանել: Կարծում եմ, որ Անի Զախարյանի, ինչպես նաև մյուս անհատների մոտ այդ գիտակցումը մի փոքր ուշացել է:
Ցավալին այն է, որ այսպիսի նախաձեռնությունների մասին Անի Զախարյանն ու նրա նմանները հիշում են միայն խնդրի մասին բարձրաձայնելուց հետո: Ավելին՝ երբ արդեն որոշակի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Նշեմ, որ բավականին երկար ժամանակ, հենց այդ նույն հնավայրում տեղ գտած թանգարանը անտեսված էր բոլորի կողմից, որտեղ աղբի մնացորդներից բացի, այդ նույն երեխաները գտնում էին նաև կենդանիների ու սողունների մնացորդներ, ինչն ինքնին արդեն տհաճ երևույթ էր:
Լավ կլիներ, որ այդ հայրենասեր ու բնապահպանական ակցիների մասին Անին և մյուսները հիշեին ավելի վաղ, քան հենց այս շրջանում: Իսկ հիմա, երբ բնակիչները փորձում են համատեղ ուժերով նախաձեռնել խաղահրապարակի կառուցումը, մարդիկ կա՛մ փորձում են ինքնհաստատվել, կա՛մ խոչընդոտել խաղահրապարակի կառուցմանը: