.jpg)
Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական միությանը չի բխում Արևմուտքի շահերից
Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել որևէ միության՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միությանը:
Մուստաֆաևը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը հնարավոր չի համարում անդամակցությունը որևէ միությանը, այդ թվում Եվրասիական, քանի որ այդ նախագծերը կրում են ոչ միայն տնտեսական բնույթ, այլ նաև քաղաքական ենթատեքստ:
Պետք է նշել, որ Ադրբեջանի այդպիսի կեցվածքը բացատրվում է Արևմուտքի կողմից ադրբեջանական նավթագազային ռեսուրսների նկատմամբ աճող հետաքրքրությամբ:
Արևմուտքը առաջ մղելով «Հարավային գազային միջանցք» և այլ էներգետիկ նախագծերը ցանկանում է բարձրացնել եվրոպական էներգետիկ անվտանգության մակարդակը և թուլացնել ռուսական էներգակիրներից ԵՄ-ի կախվածությունը՝ ադրբեջանական և կասպյան այլ երկրների ռեսուրսների հաշվին:
Բացի այդ, Ադրբեջանը իր արտաքին քաղաքական ուղենիշում որդեգրել է ոչ թե ՌԴ-ի կողմից առաջ քաշվող հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին միանալու քաղաքականությունը՝ ելնելով Բաքվի ոչ մի միությանը չանդամակցելու (ոչ բլոկային քաղաքականությունից), այլ ձգտում է ռազմավարական կապերը ամրապնդել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից՝ Իսրայելի հետ:
Ադրբեջանը ցանկանում է դառնալ Արևմուտքի համար Ռուսաստանի տարածքը շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կարևորագույն մասնիկ: Բաքուն չի ցանկանում անդամակցել Մաքսային կամ Եվրասիական միությանը, քանի որ շուտով այդ միության անդամ է դառնալու Հայաստանը, որի հետ այդ երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում՝ ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու պատճառով:
Արևմուտքը մեծ գումարներ է ներդրել Ադրբեջանում և չի ցանկանում այդ երկրի «դրեյֆը» ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության տիրույթ, քանի որ դա կխոչընդոտի կասպյան ավազանի և կենտրոնական ասիական նավթագազային ռեսուրսների արտահանմանը՝ Մոսկվայի ազդեցությունից և վերահսկողությունից անկախ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ միջանցքով:
ԱՄՆ-ը և ԵՄ-ը Ադրբեջանին վերապահել են ռուսական ազդեցությունը զսպող երկրի կարգավիճակ: Պատահական չէ, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգստարը Բաքվում «Caspian Energy Forum-2014»-ի ընթացքում հայտարարել էր, որ Ադրբեջանի ինքնիշխանության պահպանումը Կասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկն է:
Դեսպանը անդրադառնալով կասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրություններին նշել է, որ ԱՄՆ-ը նավթ և գազ չի ստանում կասպյան տարածաշրջանից, սակայն Վաշինգտոնի համար կարևոր է ապահովել ԵՄ-ի էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիան և էներգետիկ անվտանգությունը:
Մորնինգստարը ակնկարկում է, որ Ադրբեջանը պետք է դառնա ԵՄ-ի՝ ռուսական գազային մոնոպոլիան վերացնող կամ գոնե թուլացնող գործոնը, ինչը հավանաբար չի վրիպի Մոսկվայի աչքից: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ մասնակցում է հակառուսական աշխարհաքաղաքական՝ ՎՈՒԱՄ և էներգետիկ-կոմունիկացիոն՝ՌԴ-ի սահմանների երկայնքով ձգվող նավթագազային և տրանսպորտային նախագծերին:
Դա այդ երկրի առաջնահերթություններից է՝ դառնալ Արևմուտք-Արևելք էներգետիկ-տրանսպորտային միջանցքի մի կարևոր մասնիկը: Արևմուտքը Հարավային Կովկասի տարածաշրջանում այդպիսի միջանցք կառուցում է օգտագործելով իր ռազմավարական դաշնակիցներին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին և պատահական չէ, որ հենց այդ երկրների տարածքով են անցնում կասպյան ավազանից դեպի Արևմուտք ձգվող նավթագազամուղերը:
Միջանցքի դեր ստանձնած Ադրբեջանը արդեն իսկ կոնկրետ ռազմավարություն է մշակում այդ ուղղությամբ: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջան-2020» ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:
Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթ նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի: