«Հարսնաքարի» գործով պաշտպան. Դժգոհ են, թե՛ տուժողները, թե՛ ամբաստանյալները
03/06/2014 17:34

«Հարսնաքարի» գործով պաշտպան. Դժգոհ են, թե՛ տուժողները, թե՛ ամբաստանյալները

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը: Ամբաստանյալների հարազատները իրենց հետ պաստառներ էին բերել դատարանի բակ:

Նիստին չէին ներկայացրել տուժողները, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:

Փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը՝ նշելով, որ դատավճիռը կայացվել է մի շարք օրենքների խախտումներով:

«Ցանկանում եմ անդրադառնալ դատավճռի կայացման դրդապատճառներին, որովհետև այն կայացել է ոչ թե քրգործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, այլ ինչպես ողջ նախաքննության ժամանակ պարզվեց՝ հասարակության որոշ դժգոհ խավին բավարարելու տեսանկյունից է կայացվել: Ողջ նախաքննությունը կայացվել է ոչ թե քրգործի հանգամանքների բազմակողմանի բացահայտման, իսկ դատավճիռը՝ ոչ թե արդարադատություն իրականացնելու, այլ այդպիսի պատրանք ստեղծելու նպատակով»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ իրենք ուղղակի իրար հետևից լցրել են ապացույցները՝ առանց հիմնավորելու դրանք և նույն հաջողությամբ ցանկացած այլ մարդու կարելի էր նույն մեղադրանքով դատապարտել:

«Դատարանն անարժանահավատ է համարել Նորայր Հայրապետյանի ցուցմունքը, սակայն տուժողների ցուցմունքը, որոնք նույն բանն են ասել, դատարանը արժանահավատ է համարել: Տուժողներից որևէ մեկը ցուցմունք չի տվել, որը կհակասեր Ն. Հայրապետյանի ցուցմունքին: Տուժողներից Արկադի Աղաջանյանը ասել է, որ իրեն ամբաստանյալներից որևէ մեկը չի հարվածել և ամբաստանյալների մեջ իրեն հարվածող մարդը չկա, սակայն դատարանը ուշադրություն չի դարձրել այդ ցուցմունքին»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ տուժողներից Արկադի Աղաջանյանն ու Արտակ Բայադյանը ասել էին, թե ծեծկռտուքի պահին «բոլորը շարժման մեջ են եղել», սակայն շարժումը դեռևս գործողություն չի նշանակում, իսկ այն, որ իբր հաստատվել է, որ իրենց շրջապատել են, ևս չի նշանակում, որ իրենց հարվածել են:

Ե. Սարգսյանը ասաց, որ տուժողները հարցաքննության ժամանակ ասել են, որ չեն հիշում, թե ով ո՞ւմ է հարվածել, բացի այդ, նշել են, որ տեսնելով, որ Վահե Ավետյանի քթից արյուն է գալիս, նրան առաջարկել են լվացվել, ինչը հակասում է միասնական դիտավորության մեղադրանքին:

Իր պաշտպանյալ Նորայր Հայրապետյանի գործողությունների վերաբերյալ նա ասաց, որ տուժողների ցուցմունքով էլ հաստատվում է, որ Ն. Հայրապետյանը առաջինը Դավիթ Ադամյանից է իմացել տուժողներին հարվածելու մասին, և հանդիմանել է նրանց դրա համար:

«Գաղտնիք չէ, որ սույն քրեական գործը հայտնվեց հասարակության լուրջ հսկողության ներքո, ինչը լավ է, սակայն դա բացասական հետևանքների չպետք է բերի: Սկզբում այնպիսի տրամադրվածություն ստեղծվեց հասարակության մեջ, որ սույն քրգործով փորձ է արվում կոծկել կատարվածը: Եվ նախաքննական մարմինը առանց հիմնավորման սկսեց ձերբակալությունները՝ մեղադրյալների քանակ ապահովելու համար: Ձերբակալում էին գործին քիչ թե շատ առնչություն ունեցող անձինք:

Իմ պաշտպանյալ Նորայր Հայրապետյանը դեպքից 4 օր անց է ներկայացել ոստիկանություն և հայտնել, որ մի քանի օր է՝ իրենց տուն ոստիկաններ են գալիս: Փաստաթղթերի հետազոտման ժամանակ պարզվեց, որ մինչև նրա ներկայանալը նրա վերաբերյալ քրգործում որևէ նշում չի եղել: Այսինքն, ցանկացած անձ նրա փոխարեն կարող էր նույն հոդվածով դատապարտվել: Մինչ այդ նրա անունը չէր շրջանառվում այս քրգործով: Ապօրինի ձերբակալությունը քողարկելու համար Ն. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվում՝ առանց որևէ ապացույցի, իսկ հետագայում էլ մեղադրական եզրակացություն է կազմվում»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ նախաքննությունից դժգոհ էր նաև տուժող կողմը, ով էլ հայտնել է, որ նախաքննական մարմինը գործողություններ չի ձեռնարկում, որոնց շնորհիվ կհաստատվեր մեղադրանքը:

«Այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, որ երկու կողմն էլ դժգոհ են»,-ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ միջադեպի առթիվ՝ քրգործ

«Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք
 

«Հարսնաքարի» գործով պաշտպան. Դժգոհ են, թե՛ տուժողները, թե՛ ամբաստանյալները