Անապահով ընտանիքն օգնել է պետք. Վիրահատության համար 180 000 է պակասում
03/06/2014 19:00

Անապահով ընտանիքն օգնել է պետք. Վիրահատության համար 180 000 է պակասում

Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ Մարգարիտա Սոխակյանի որդուն՝ 23-ամյա Գևորգ Սոխակյանին օրերս վիրահատել են:

«Կարող եմ ասել, որ բժիշկներն ուղղակի փրկել են երեխայիս կյանքը: Ամբողջ քիթը, ճակատը թարախ էր լցված, ուղեղին էր տալու: Վիրահատեցին, փրկեցին, բայց հիմա չենք կարող վիրահատության համար այդ 180 հազար դրամը վճարել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տիկին Մարգարիտան՝ ավելացնելով.

«Ես երեք երեխա ունեմ: Տուն չունենք, էս գյուղում վարձով ենք ապրում: Մեծ տղաս ամուսնացած է, ինքն էլ է վարձով ու երեք երեխա ունի, մեզ ոչ մի բանով օգնել չի կարող: 26 տարեկան աղջիկ ունեմ՝ ստամոքսն է վիրահատած, դեղերով է ապրում ու նույնն էլ ամուսինս: Էս 23 տարեկան տղաս մեր տան միակ աշխատող ձեռքն էր: Ինքն էլ է ամուսնացած, կին ու երեխա ունի 1 տարեկան: Թոռնիկս՝ այդ 1 տարեկան երեխան էլ ստամոքսի խնդիր ունի, հենց հիմա ինքն էլ վիրահատված մեկ ուրիշ հիվանդանոցում է պառկած»,- պատմեց Մարգարիտա Սոխակյանը:

Կնոջ խոսքով՝ հիվանդանոցում իրենց թույլ են տվել գումարը մաս-մաս վճարել.

«Ասել են՝ ամեն ամսի 5-ին բերեք գոնե 60 հազար տվեք: Հիմա ես էդ 60 հազարն էլ չունեմ, որ հեսա ամսի 5-ին տանեմ: Գնում հարևանների հանդերում աշխատում եմ, որ օրը գոնե մի 2000 դրամ տան՝ ապրենք: Ո՞րտեղից գտնեմ էդ գումարը: Իսկ որ չգտնեմ գործը դատարան կգնա»,- ասաց տիկին Մարգարիտան՝ ավելացնելով, որ ծանր վիրահատությունից հետո իր որդի Գևորգը դեռ երկար ժամանակ չի կարողանա աշխատել ու պետք է վերականգնվի:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Ազատաշենի գյուղապետ Ստեփան Ստեփանյանը ևս նշեց, որ ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում.

«Իրանք մեր գյուղացիները չեն, վարձով են ապրում, բայց տեսնելով վիճակը, կանչել եմ, ես էլ 20 հազար դրամ եմ տվել, որ գոնե ինչ-որ կերպ կարողանան դուրս գալ այս վիճակից»,- ասաց Ստեփան Ստեփանյանը: 
 

Անապահով ընտանիքն օգնել է պետք. Վիրահատության համար 180 000 է պակասում