«Վարդենիսի» հիվանդանոցի մանկաբույժը արդարացվել է
04/06/2014 17:15

«Վարդենիսի» հիվանդանոցի մանկաբույժը արդարացվել է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել է «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ մանկաբույժ Հովիկ Սարգսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Հովիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, աշխատելով «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում` որպես մանկական բաժանմունքի բժիշկ` 2011 թվականի մարտի 12-ից մինչև մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ հիվանդանոցում ստացիոնար բուժում է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ Անի Աշոտի Մարտիրոսյանին, վեջինիս ախտորոշել է «ՍՇՀ, տոքսիկ ձև» հիվանդություն: Նշված ժամանակահատվածում Հովիկ Սարգսյանն Անի Մարտիրոսյանի բուժման ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, նշանակված բուժումը եղել է ոչ լրիվ ծավալով, այն է` Անի Մարտիրոսյանի վերաբերյալ դրված ախտորոշումը եղել է թերի, չի ախտորոշվել երկկողմանի միջանկյալ թոքաբորբը, տրախեոբրոնխիտը և կատարյալ էնտերոկոլիտը: Վերջինիս նկատմամբ կատարված հետազոտությունները եղել են ոչ լրիվ ծավալով` չի կատարվել թոքերի ռենտգեն հետազոտություն, լուծի պայմաններում` կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն, որովայնի խոռոչի օրգաների ուլտրաձայնային հետազոտություն, արյան բիոքիմիական քննություն և էլեկտրոսրտագրություն, որի հետևանքով 2011 թվականի մարտի 16-ին Անի Մարտիրոսյանի հետագա բուժումը շարունակելու նպատակով Երևան քաղաք տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Առաջադրված մեղադրանքում Հովիկ Վաչիկի Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2011 թվականի մարտի 12-ին ցերեկվա ժամին մանկական բաժանմունք է ընդունվել երեխա: Իր կողմից ախտորոշվել է ՙՍտոմատիտ, ՍՇՀ՚: Երեխան ստացել է հակաբիոտիկ /ցեֆազոլին, ցեֆտրիաքսոն/, ներարկային թերապիա, բերանի մշակում զելյոնկայով: Ամսի 15-ին երեխան անհանգիստ էր, գումարվում էր երկրորդային ինֆեկցիա, սկսել է զարգանալ երկրորդային տոքսիկոզ, տվյալներ են եղել, որ մայրը երեկոյան երեխային կովի կաթ է տվել, հետո երեխան հետ է տվել ու մի քիչ թեթևացել է:

Երեխային տարել են Սևանի հիվանդանոց, այնտեղ օգնություն են ցույց տվել, որտեղից էլ տեղափոխել են: Մինչ այդ, ինքն այդ օրը երեխային նայել է, ջերմությունը չափել և նշել պատմագրում: Ամսի 15-ին` գիշերը, երեխայի մոտ գումարվել է երկրորդային ինֆեկցիա և այդ նույն ինֆեկցիան կարող էր տալ արյան վարակ, կայծակնային ձև, սեպսիզ, սեպսիզն էլ տալիս է բոլոր այդ կլինիկաները, լինում է շոկային վիճակ և փոքր ախտահարումը բերում է միկրոնային թոքը, որն արտաքինով շատ նման է թոքաբորբի, թոքաբորբի ժամանակվա թոքին /շոկային թոք է եղել, թե թոքաբորբ է եղել, այնտեղ կարմրացություն, արյունազեղումներ/: Սեպսիզն ունի մի քանի ձև, բարձր ջերմություն, սրտխառնոց, հետ տալ, ընդհանուր թուլություն, այդ դեպքը զարգացել է որպես բարդություն և տվել է ինֆեկցիոն տոքսիտ, շոկից էլ բերել է շոկային թոքի, որից առաջացել է թոքաբորբը:

Իր մոտ բացի ջերմությունից, չի ունեցել հաճախաշնչություն, թոքերում ոչ մի աղմուկ չի եղել, հաճախաշնչությունը լինում է բարձր ջերմաստիճանի ժամանակ, տվյալ դեպքում, երբ որ Գեղամասարի բժշկուհին երեխային նայել է և եթե այնտեղ եղել է բարձր ջերմություն, եղել է հաճախաշնչություն, նաև այնտեղ կարող էր լինել թոքերի կանգային երևույթներ, որը կարող է ծանրացնել, այդ կասկածներով ուղարկել է հիվանդանոց:

Սրտի արատի մասին իմացել է երեխային բերելու առաջին օրը: Բուժումը կատարել է հակաբիոտիկային: Իր մոտ ներքին թունավորում էր ընթացել, դրա համար էլ բնական է իր մոտ եղել է ջերմություն, դրան գումարվելով սեպսիզ, որից ավելի բարձր է սկսել ջերմել: Ամսի 16-ին ինչ հնարավորություններ եղել են, արել է, գուցե հասներ Երևան, բայց չի կարող ասել կփրկվեր, թե` ոչ: Երևի միակ թերությունն այն է եղել, որ պետք է իրենց հետ գնար, չնայած այդ ժամանակ դրա կարիքը չի եղել, չի գնացել: Երեխայի մոտ ճանապարհին ինֆեկցիոն այլ զարգացում է եղել: Կոնկրետ վիճակից ելնելով` արվել է այն, ինչ որ թույլ է տրվել, ուղարկվել է Երևան: Ֆորսմաժորային իրադրություն է առաջացել ճանապարհին այդ երեխայի մոտ, զարգացել է ինֆեկցիոն հիվանդություն, կայծակնային հիվանդություն, որը բերել է մահվան:

Տուժողի իրավահաջորդ Կարինե Գագիյանը բացատրություն է տվել, որ 2011 թվականի մարտի 11-ին իր ամուսնու` Աշոտ Մարտիրոսյանի հետ երեխային տարել են Գեղամասարի ամբուլատորիա, որտեղ բժշկուհի Լուսինե Ռոստոմյանը զննել և առաջարկել է տանել Վարդենիսի հիվանդանոց` բուժման համար: Չեն կարողացել այդ օրը տանել, բերել են տուն, հաջորդ օրը տարել են Վարդենիս, բժիշկը նայել և ասել է, որ դաբաղ է, ստոմատիտ, ասել են տանեն տուն բուժումներ անեն, սակայն բժիշկն ասել է, որ ոչ, հետո գնացել է տուն երեխայի համար շորեր է բերել, երեխային մեկ հատ ջերմիջեցնող են սրսկել ու մատից անալիզ են վերցրել: Բերանը զելյոնկով մշակել են: Ինքը բժշկին ասել է, որ երեխայի վիճակը լավ չի, բժիշկն ասել է, որ երեխայի վիճակը ստաբիլ է:

Ամսի 15-ին շատ ջերմություն է ունեցել, մոտ 5 րոպե հետո իջել է, հետո նորից բաձրացել, երկու անգամ ջերմիջեցնող են արել, բայց երեխայի վիճակն արդեն շատ վատ է եղել, քնել է, հետո տեղափոխել են, Սևանում ասել են, որ թոքերն է, որ պահեն էլ ոչ մի բուժում չեն կարող անել, ուղղակի սրսկում են, որպեսզի սիրտն աշխատի: Վարդենիսի հիվանդանոց տեղափոխելուց երեխան շատ վատ է եղել, լուծում էր, ջերմում 39 աստիճանով: Գյուղի բժիշկը թոքերը լսել է, ջերմությունը չափել և ասել, որ տեղափոխեն Վարդենիսի հիվանդանոց: Վարդենիսի հիվանդանոցում առհասարակ բժիշկը չի ասել, որ թոքերն է: Որևէ ռենտգեն չեն արել: Երեխան միշտ շատ է լացել, նախկին բժիշկն ասել է, որ երեխային տանեն Երևան Նորք Մարաշի հիվանդանոց սրտաբանի մոտ, իրենք տարել են, ստուգել են, իրենց թուղթ են տվել, որ սրտի արատ ունի: Սևանի հիվանդանոցում երեխան նորից շատ վատ է եղել: Երևան տեղափոխելիս Չարենցավանի ճանապարհին արդեն նկատել է, որ երեխան մահացել է:

Երևանում թուղթ են տվել և ասել, որ երեխան թոքերից է մահացել: Ըստ ներկայացված Անի Մարտիրոսյանի բժշկական փաստաթղթերի տվյալների և նրա դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքների` ՙՎարդենիսի հիվանդանոց՚ ՊՓԲԸ-ում Անի Մարտիրոսյանի վերաբերյալ դրած ախտորոշումը թերի է եղել: Անի Մարտիրոսյանի կատարած հետազոտությունները Վարդենիսի հիվանդանոցում եղել են ոչ լրիվ ծավալով: Չի կատարվել կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն« կղանքի բակտերիոլոգիական քննություն« արյան բիոքիմիական քննություն: Վերը նշված հետազոտություններն անցկացնելու դեպքում ստացված արդյունքները կօգնեին բուժող բժիշկ Հովիկ Սարգսյանին կատարած բուժումն ավելի լիարժեք, հատկապես անցկացրած դեզինտոքսիկացիոն միջոցառումները լրիվ ծավալով կազմակերպելու համար, որոնց չիրականացնելու դեպքում հիվանդի մոտ զարգացել է նրա մահվան պատճառ հանդիսացած օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

Մեղադրող Կարեն Խաչատրյանը դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այն է փորձաքննությունների եզրակացությունների համաձայն, հիմնավորվել է, որ Հովիկ Սարգսյանի կողմից բժշկական սխալ թույլ չի տրվել, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով հրաժարվել է ըստ մեղադրանքի Հովիկ Սարգսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքից:

Քրեական գործը դատարան է ստացվել 2011 թ. սեպտեմբերին, իսկ դատավճիռը կայացվել է 2014 թ. մայիսի 8-ին:
 

«Վարդենիսի» հիվանդանոցի մանկաբույժը արդարացվել է