Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ քրգործ չի հարուցվել
04/06/2014 17:27

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ քրգործ չի հարուցվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու՝ Էյներ Խաչատրյանի դեմ քրեական գործ չի հարուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ:

Մայիսի 27-ին Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ Հարությունյան եղբայրների մայրը՝ Սոֆյա Հարությունյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել էր, որ Էյները իր որդիների ընկերն է, բացի այդ՝ իրենք բարեկամներ են:

«Այնպես է ներկայացվում, ասես իմ որդիների վիճակը ծանր է: Այդ օրը Էյները ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եկել է որդիներիս մոտ ավտոտնակ և իրենց միջև խոսակցություն է եղել և քաշքուկ, սակայն նրանք չեն տուժել: Էյները արդեն հաշտվել է իմ որդիների հետ»,- ասել էր նա:

Հարցին՝ տեղեկություններ էին շրջանառվում, որ Էյները նաև առևանգել է իր որդիներին, Ս. Հարությունյանը ասել էր. «Ես հիմար չեմ, որ իմ որդիներին առևանգեն, ես հանգիստ նստեմ և ոչինչ չձեռնարկեմ: Նման բան չի եղել, դա հերյուրանք է»:

Նախորդող հրապարակում՝ Ծեծկռտուք Գորիսում` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին «բարիշել» է ծեծված տղաների հետ 

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ քրգործ չի հարուցվել