Անկարան առաջ է մղելու թյուրքալեզու երկրների էներգետիկ դաշինքի գաղափարը
04/06/2014 20:20

Անկարան առաջ է մղելու թյուրքալեզու երկրների էներգետիկ դաշինքի գաղափարը

Թուրքական Բոդրում քաղաքում կայանալիք Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովին մասնակցելու են Թուրքիայի,  Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները:

Թյուրքալեզու պետությունների գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է ստեղծել թյուրքախոս երկրների սփյուռքյան կառույցներ, որոնք նպաստելու են այդ երկրների ազդեցության մեծացմանը միջազգային քաղաքականության վրա:

Այդպիսի կենտրոններ նախատեսվում է ստեղծել Վաշինգտոնում, Փարիզում, Բեռլինում և այլ քաղաքներում:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել դեռևս 2011թ.-ին՝Ալմա-Աթայում: Խորհրդի քարտուղարությունը գտնվում է Ստամբուլում: Կազմակերպության շրջանակներում գործում է նաև Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը՝ TURKPA, որի կենտրոնատեղին Բաքվում է, Թյուրքալեզու խորհրդի ակադեմիան՝Աստանայում և Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը՝Անկարայում:

Բոդրումի գագաթաժողովին հյուրի կարգավիճակում մասնակցելու է նաև Թուրքմենստանի նախագահը, որը Թուրքիա էր ժամանել քառօրյա այցով: Անկարան և Աշգաբադը երկկողմ ձևաչափով քննարկել են թուրքմենական գազը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիա տարածքով Եվրոպա արտահանելու հնարավորությունները: Թուրքիան իր ավանդական հետաքրքրություններն ունի թյուրքալեզու Կենտրոնական Ասիայում, ինչին այժմ գումարվում է նաև նավթագային, էներգետիկ բաղադրիչը:

Պետք է նշել, որ թյուրքալեզու երկրների առաջնորդի և համակարգողի դերակատարում ստանձնած Թուրքիան ցանկանում է օգտագործել վերոնշյալ երկրների էներգետիկ ռեսուրսները՝ԵՄ-ի համար Արևմուտք-Արևելք կապող միջանցքի իր դերը բարձրացնելու և Կետրոնական Ասիայի տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը հավասարակշռելու համար:

Անկարան ակտիվորեն օգտագործում է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի, ինչպես նաև TURKPA-ի հարթակները պանթուրքական ծրագրերը առաջ մղելու համար:

Խորհրդի մեջ ընդգրկված երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ Անկարան իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, իսկ Թուրքմենստանի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ վերջին շրջանում թուրքական դիվանագիտությունը մեծ ակտիվություն է ցուցաբերում:

Վերջերս Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարները Բաքվում ընդունել էին համատեղ հռչակագիր, որը պետք է խթանի եռակողմ ձևաչափով համագործակցությունը քաղաքական, էներգետիկ, զբոսաշրջային և այլ ոլորտներում:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ այդպիսի ձևաչափով դա առաջին հանդիպումն է և արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Աշգաբադում:

Վերոնշյալ հանդիպումներով փորձ է արվում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի գործունեությանը ներգրավվել նաև նավթագազային հարուստ ռեսուրսներ ունեցող Թուրքմենստանին, ինչը առաջին հերթին բխում է Արևմուտքի շահերից: Վերոնշյալ դաշինքի ձևավորումը թույլ կտա Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին լուծել այլընտրանքային ճանապարհներով Եվրոպա առաքվող էներգակիրների հարցը: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցանկանում են նվազեցնել եվրոպական երկրների գազային կախվածությունը «Գազպրոմից»:

Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվում Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը արտահանվի Արևմուտք` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:

Կասպյան ավազանում նոր տրանսպորտային-էներգետիկ նախագծերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ ակտիվ աշխատանքներ են ձեռնարկվում, որին ներգրավված է նաև Թուրքիան:

Վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ: Էրդողանի մասնակցությունը հիմնարկեքին բացատրվում է այն փաստով, որ հենց թուրքական «Gas Insaat» ընկերությունն է շահել Թուրքմենբաշիի նավահանգստի շինարարության տենդերը:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 48 ամսվա ընթացքում:

Այսպիսով, Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի և քաղաքական դաշինքի ձևավորման համար պետք է առաջին հերթին իրենց լուծումը գտնեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը և ադրբեջանա-թուրքմենական հակասությունները՝վիճելի հանքավայրերի պատկանելիության հետ կապված:

Անկարան առաջ է մղելու թյուրքալեզու երկրների էներգետիկ դաշինքի գաղափարը