Մասնագետները համոզված են` Արսեն Խոջոյանին բենզին չեն ներարկել. Փաստինֆո
05/06/2014 19:11

Մասնագետները համոզված են` Արսեն Խոջոյանին բենզին չեն ներարկել. Փաստինֆո

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը գերադասել է բուժվել տնային պայմաններում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Նա նշեց, որ հունիսի 2-ին Հրազդանի հիվանդանոցում Արսեն Խոջոյանին հետազոտած մասնագետներն ու Առողջապահության նախարարության ներկայացուցիչները հոսպիտալացման անհրաժեշտություն չէին գտել: Մասնագիտական խմբի գնահատմամբ` հիվանդի մոտ ախտորոշվել էր վերին շնչուղիների վարակ, անգինա, որի բուժման համար նշանակվել էր դեղորայքային բուժում` տնային պայմաններում: Ծաղիկ Վարդանյանը նաև հայտնեց, որ այսօր Արսենի հետ անձամբ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ վերջինս իրեն ասել է. «Դեղերն օգտագործելուց հետո առաջին օրից սկսած փոփոխություն զգում եմ, լավ եմ»: Մեր հարցին, թե որքանո՞վ բժշկական տեսակետից կարող են հիմնավոր լինել Արսենի և իր հարազատների կասկածները, թե Արսենին Ադրբեջանում գերի եղած ժամանակ դիզելային վառելիք են ներարկել, Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ հետազոտության ընթացքում հատուկ ուշադրությամբ ուսումնասիրվել են երիտասարդի ոտքերն ու ձեռքերը՝ դրանց վրա հնարավոր ներերկման հետքերը հայտնաբերելու նպատակով: Սակայն ոչ մի կասկածելի բան չեն գտել:

«Դա քիմիական նյութ է ու արյան մեջ ներթափանցելու դեպքում առաջին հերթին պետք է ազդեր լյարդի ու երիկամների վրա»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ այդ օրգանների ոչ մի փոփոխություն չի հայտնաբերվել: «Որքան էլ քիչ քանակությամբ ներարկված լիներ, ռեակցիա կտար, բայց ապրիլին նա վերադարձել է, արդեն բավական ժամանակ է անցել, չէր կարող անհետևանք ու աննկատ մնալ»,- ասաց վարչության պետը: Ինչ վերաբերում է Արսենին անհանգստացնող այդ մտքին ու նաև հոդացավերին, ապա մասնագետը դա բացատրում է տարած սթրեսով ու հոգեկան ապրումներով: «Յուրաքանչյուրիս մոտ էլ այդ պայմաններում կասկածներ կառաջանային: Բայց ես խոսել եմ նրա հետ, հարցրել եմ` եղե՞լ են դեպքեր, որ իրեն որևէ ներարկում արած լինեն կամ անգիտակից լինի, չիմանա՝ իր հետ ինչ արեցին, ասել է.«Չէ, մի անգամ քթիցս արյուն եկավ, ինչ-որ դեղ տվեցին, որ դնեմ լեզվիս տակ, իրենց գնալուց հետո գցեցի»: Ասում է, որ անգիտակից չի եղել, իսկ թե ինչո՞ւ է քթից արյուն եկել, հստակ պատասխան չտվեց, ասաց` կարող է և խփել են, չեմ հիշում»: Արսեն Խոջոյանի մոտ նյարդաբանները հայտնաբերել են նաև նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա: Ուստի՝ նրան բժիշկները նաև հակադեպրեսանտներ են նշանակել:

Այդուհանդերձ, հունիսի 10-ին դարձյալ որոշվել է Արսեն Խոջոյանին հետազոտել Հրազդանի հիվանդանոցում` նշանակված բուժման արդյունքները գնահատելու և հետագա բուժման նպատակահարմարությունը որոշելու համար: Ի դեպ, մինչ այդ Առողջապահության նախարարության և Հրազդանի ԲԿ մասնագետները հիվանդի հետ պարբերաբար հեռախոսակապ են ունենում` հեռակա հետևելով նրա բուժման ընթացին:  

Մասնագետները համոզված են` Արսեն Խոջոյանին բենզին չեն ներարկել. Փաստինֆո