.jpg)
Հռոմի պապ. Հայ ժողովրդի պատմությունը լի է եղել հալածանքներով
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն Վատիկանում հանդիպել և առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ինչից հետո նրանք եղել են Վատիկանի մեծ սրահում, որտեղ նրանց սպասել են այլ բարձրաստիճան հոգևորականներ, սփյուռքահայ գործիչներ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Արամ Ա.-ն հիշեցրել է, որ դեռևս Կիլիկյան շրջանից սկսած` հատուկ հարաբերություններ ու սերտ համագործակցություն է եղել հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև։
Պատմական այս անդրադարձից հետո, Վեհափառ Հայրապետն անդրադարձել է տագնապներով ու մարտահրավերներով լեցուն ներկա աշխարհին մեջ միջեկեղեցական գործակցության կարևորությանը: Նա ընդգծել է, որ հակառակ եկեղեցիների ու դավանական բաժանումներին, անհրաժեշտ է միասին գործել, միասնաբար դիմագրավել մարդկությանը հուզող տագնապներին։ Վեհափառ Հայրապետը ողջունել է ժողովուրդին դեպի եկեղեցի ուղղորդելու Պապի աշխատանքը, հիշելով որ հայ եկեղեցին ժողովրդի եկեղեցին է:
Վեհափառը անդրադարձել է երկու կարևոր հարցերին: Նա Սրբազան Քահանայապետին հիշեցրել է Միջին Արևելքի լուրջ տագնապների և եկեղեցիների կյանքի վրա դրանց ազդեցությունը, որոնք հաճախ մտահոգիչ են։ Հակառակ այս իրողությանը, ըստ Վեհափառի, եկեղեցիները ամուր կառչած են Միջին Արևելքից և հավատարիմ են իրենց քրիստոնեական վկայությանն ու քաղաքացիական պարտավորություններին ու իրավունքներին:
Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Հայոց Ցեղասպանության թեմային։ Նա հիշեցրել է 1915-ի Օսմանյան Թուրքիայի ցեղասպանության հետևանքները և Սփյուռքի կազմավորման մասին։ Նա նշել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն մեկուկես միլիոն նահատակ է ունեցել, այլ կորցրել է իր եկեղեցիները և մշակութային ու հոգևոր արժեքները, հետևաբար, ցեպասպանության ճանաչումը և հատուցումը յուրաքանչյուր հայի պահանջն է։ Վեհափառ հավելել է.
«Մեր ժողովուրդը սպասում է, որ դուք ևս, առաջիկա տարիների Ձեր զորակցությունը կհայտնեք մեր ժողովուրդին, որ վստահաբար կարևոր նշանակություն ունի մեզ համար»:
Ապա Ֆրանսիս Պապն իր խոսքն ուղղել է Վեհափառ Հայրապետին, իր ուրախությունը հայտնել, որ առաջին անգամ է հանդիպում Վեհափառ Հայրապետին հետ: Նա նշել է, որ Վեհափառ Հայրապետը երկար տարիներ գործուն մասնակցություն է ունեցել միջեկեղեցական շարժմանը, հատկապես Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի և Միջին Արևելքի եկեղեցիներում:
Ֆրանցիս Պապը նաև անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը և հիշեցրել, որ հայ ժողովրդի պատմությունը լի է եղել հալածանքներով և նահատակություններով: Պապը նաև հիշեցրել է Միջին Արևելքում քրիսոտնյա համայնքներում դիմագրաված մարտահրվերներին և ողջունել է նրանց միասնականությունն ու Միջին Արևելքին կառչած մնալու հավատարմությունը:
Երկու հոգևորականների հայտարարություններից հետո, տեղի է ունեցել նվերների փոխանակում: Վեհափառ հայրապետը Պապին նվիրել է Բարձր բերդի Ավետարանի կրկնօրինակը, իսկ Պապը, Վեհափառին նվիրել է Սուրբ Յովհաննու Ավետարանը՝ Պապիրոսի վրա 14-րդ դարում գրված : Ապա տեղի է ունեցել եկեղեցական արարողություն: Արարողությունից հետո, Վեհափառ Հայրապետը, Առաջնորդ Սրբազանների ընկերակցությամբ, ճաշի են հրավիրել Պապին: