Շախմատի փոքրիկ թագուհին. 9-ամյա աղջնակի քայլերը կրկնում է անգամ համակարգիչը
05/06/2014 20:59

Շախմատի փոքրիկ թագուհին. 9-ամյա աղջնակի քայլերը կրկնում է անգամ համակարգիչը

9-ամյա փոքրիկ շախմատիստուհի Հայկուհի Վարդանյանի տակտիկական քայլերից երբեմն զարմանում է անգամ նրա մարզիչը: Խոստովանում է` մի անգամ երեխայի քայլերը փորձել է ստուգել համակարգչով ու հատուկ ծրագիրը, որը «խաղում է» գրոսմայստերների խաղ` կրկնել է 9-ամյա աղջկա քայլերը:

Հայկուհին մեկն է այն երեխաներից, ովքեր հունիսի 26-ից հուլիսի 6-ը մասնակցելու են «Ջերմուկ 2014» շախմատային միջազգային մրցաշարին: Շախմատ խաղում է 3 տարի, հիշում է` առաջի անգամ հայրիկն է սովորեցրել.

«Հայրիկս, որ քայլերը բացատրեց, ինձ խաղը շատ դուր եկավ ու սկսեցինք հաճախ խաղալ: Իսկ հիմա, երբ արդեն պարապում եմ` իրեն էլ եմ կարողանում հաղթել»,- կատակում է փոքրիկ շախմատիստուհին ու ավելացնում, որ կցանկանար հետագայում ևս շարունակել զբաղվել շախմատով.

«Կուզեի շախմատիստուհի դառնալ ու խաղալ մեր շախմատի աղջիկների հավաքականում: Այդ հավաքականից ամենաշատն Էլինա Դանիելյանին եմ սիրում»,- ասում է Հայկուհին:

Ընտանիքում ևս դեմ չեն նրա այս որոշմանը: Հայկուհու մայրը` Արև Զաքարյանը պատմում է, որ երեխան նաև մաթեմատիկա է շատ սիրում.

«Եթե շախմատ չի խաղում, ուրեմն` մաթեմատիկայի խնդիրներ է լուծում»,- կատակում է շախմատիստուհու մայրն ու ավելացնում, որ նա «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում այս տարի մարզում առաջին տեղն է գրավել.

«Նախորդ տարի էլ մասնակցեց` լավ արդյունքներ էին, բայց այս տարի արդեն մեր` Արագածոտնի մարզում, առաջին տեղը գրավեց»,- ասաց Արև Զաքարյանը:

Հայկուհու շախմատային տաղանդն առաջինը նկատել է նրա շախմատի մարզիչը` Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի ուսուցիչ` Արմեն Գրիգորյանը.

«Հետաքրքիր է, որ Հայկուհին դասերի ժամանակ միշտ ամենահամեստն էր: Ես էլ մտածում էի` երևի իրեն շախմատը չի հետաքրքրում: Բայց մի օր գրավոր թեմատիկ աշխատանք գրեցին երեխաները` ամենալավն ինքն էր գրել: Մտածեցի, որ երևի արտագրել է, նորից այլ առաջադրանք տվեցի ու նորից ամենալավը գրեց»,- պատմում է Արմեն Գրիգորյանն ու ավելացնում, որ այդ օրվանից Հայկուհու հետ սկսեց լրացուցիչ պարապմունքներ անցկացնել.

«Հիմա Հայկուհին խաղում է մեր դպրոցի շախմատային հավաքականում, որը հաջող է հանդես գալիս մրցաշարերում: Երկու տարի անընդմեջ նա մասնակցել է մարզային մրցաշարի, որում մարզի իր տարիքի շախմատիստուհիների մեջ նախորդ տարի գրավել է երկրորդ տեղն,իսկ այս տարի` արդեն առաջին: Սրանով նա իրավունք է ստացել մասնակցել Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ փուլին, որտեղ կարող էր տեղ գտնել իր տարիքի շախմատիստների Հայաստանի լավագույն տասնյակում, սակայն վերջին խաղերում իրեն խանգարեց անհանգստությունը: Այնուամենայնիվ, կիսաեզրափակչում խաղալով նա ստացավ շախմատիստուհու երկրորդ կարդ, ինչն իր տարիքի համար շատ լավ արդյունք է»,- պատմում է Արմեն Գրիգորյանն ու ավելցնում` մեծ ակնկալիքներ ունի Ջերմուկի միջազգային փառատոնից: 

Շախմատի փոքրիկ թագուհին. 9-ամյա աղջնակի քայլերը կրկնում է անգամ համակարգիչը