.jpg)
Կախարդը նաև սպառնում է Քրիշտիանու Ռոնալդուին
Այսօր առավոտյան Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց այն լուրը, որ Քրիշտիանու Ռոնալդուն ազդրի և ծնկի վնասվածքներ ունի: Նախկինի պես պարզ չէ, կհասցնի՞ արդյոք Ռոնալդուն վերականգնվել մինչև աշխարհի առաջնության մեկնարկը:
Բայց եթե որևէ մեկին այս նորությունը զարմացնում է, ապա աշխարհի մյուս ծայրում գոյություն ունի տարօրինակ մի երիտասարդ, ով ամիսներ շարունակ դավեր է նյութում: Այդ տղայի անունն է Նանա Կվակու Բոնսամ և նա Գանայի ամենահայտնի կախարդներից մեկն է, ում մասին շատ հաճախ են գրում տեղի ԶԼՄ-ները:
Դեռևս փետրվար ամսին Բոնսամը հայտարարել է, որ կանի այն ամենը, ինչն իր ուժերի սահմաներում է, որպեսզի Ռոնալդուն չմասնակցի աշխարհի առաջնությանը, որի շրջանակներում իր երկրի ընտրանին պետք է մրցի պորտուգալացիների հետ: Այսօր կախարդը մասնրամասնել է, թե իրականում ինչ է արել:
«Ես գիտեմ, թե որտեղից են ի հայտ եկել Ռոնալդուի վնասվածքները: Երկար եմ աշխատել դրանց վրա: Նախորդ շաբաթ անգամ գնացել եմ 4 շներին որոնելու, որպեսզի կարողանամ հատուկ հոգի կանչել: 4 ամիս առաջ եմ դեռ ասել, որ թույլ չեմ տա Ռոնալդուին մասնակցել Մունդիալին կամ, նվազագույնը, նա բաց կթողնի Գանայի հավաքականի հետ կայանալիք խաղը: Նրա վնասվածքը չի կարող բուժել ոչ մի բժիշկ, քանի որ չեն հասկանա դրանց առաջացման պատճառները: Այսօր ցավում է նրա ծունկը, վաղը կցավա ազդրը և այդպես շարունակ: Պարզապես իմացեք, որ ես շատ լուրջ եմ»,- հայտարարել է Նանան:
Կախարդն իր այս «հրաշագործությունները» կատարել է իբր տերևներից և հատուկ փոշուց պատրաստված լուծույթի միջոցով, որոնք իրեն են ուղարկել աստվածները, իսկ հետո Քրիշտիանու Ռոնալդուի նկարի շուրջ սկսել է կախարդանքները:
Հավելենք, որ աշխարհի առաջնության մեկնարկին մնացել են հաշված օրեր: Հուսանք, որ Քրիշտիանու Ռոնալդուին չի խանգարի ոչ մի կախարդանք և նա կկարողանա խաղադաշտ դուրս գալ և օգնել իր ընտրանուն: