.jpg)
Նախկին նախարարը թույլ է տվել խախտում. Էթիկայի հանձնաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել է վարույթ՝ ՀՀ բնապահպանության արդեն նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում թույլ տված էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ՝ հարցի քննարկման նպատակով:
Հարուցված վարույթի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է այդ եզրակացությունը: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից, որտեղ ներկայացված է նաև եզրակացության վերաբերյալ որոշումը:
Էթիկայի հանձնաժողովը որոշումը հաստատել է հետևյալ կազմով՝ Ս. Սահակյան, Ա. Շուշյան, Լ. Պետրոյան, Ա. Խուդավերդյան, Ա. Սարգսյան, իսկ որոշումը հաստատել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն:
Հարուցված վարույթի արդյունքում հանձնաժողովը հաստատել է, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ով այժմ վարում է Կոտայքի մարզպետի պաշտոնը, թույլ է տվել էթիկայի կանոնի խախտում: Այսինքն՝ չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս։
Հանձնաժողովը այս որոշման մասին եզրակացությունը ուղարկել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետին և ՀՀ բնապահպանության նախարարություն:
Հիշեցնենք, որ վարույթը հարուցվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի դիմումի հիման վրա, որտեղ նշված է, որ բնապահպանության նախարարը կոնֆերանսի ընթացքում բնապահպան ակտիվիստի դիտարկմանն ի պատասխան ասել է. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, այ լակոտ»:
Նախորդող հրապարակումներ՝ Բնապահպանները պղտոր ջուր են առաջարկել կառավարության անդամներին
Նախարարը՝ ակտիվիստին. «Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ». Azatutyun.am