Տարիները ինձ դարձնում են էլ ավելի համեղ և գեղեցիկ. Եվա Ռիվաս
06/06/2014 20:17

Տարիները ինձ դարձնում են էլ ավելի համեղ և գեղեցիկ. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասը՝ Վալերիա Ռիշոտնիկովա Ծատուրյանը, «Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան մասնակիցն է, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Տաշիր 2009» 4-րդ ազգային մրցանակաբաշխության և Սոչիի «5 աստղ» փառատոնի մրցանակակիր, ինչպես նաև Մոսկվայում կայացած «Տարվա հայկական երգ» ամենամյա մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր:

Aysor.am-ի հետ զրույցում նա կիսվեց իր կյանքի որոշ մանրամասներով:



- Ի՞նչ կասեք Ձեր անձնականի մասին: Արդյոք Եվա Ռիվասը պատրա՞ստ է ընտանիք կազմել: 

- Յուրաքանչյուր կին ուզում է ունենալ ընտանիք, ամուսին և երեխաներ: Կարծում եմ, որ շատ ժամանակ եմ կորցրել, հիմա արդեն կարող էի եռյակ ունենալ: Սակայն, յուրաքանչյուր մարդ պետք է ընտանիք կազմի արժանի մարդու հետ: Ես դեռ չեմ հանդիպել այնպիսի անձնավորության, ում հետ կուզեի կապել իմ կյանքը:

Կարծում եմ, որ երկրի վրա զույգերն արդեն ստեղծված են միմյանց համար: Պետք է սպասել այն պահին, երբ այդ երկուսը կհանդիպեն իրար: Ես հավատում եմ, երբ հանդիպեմ իմ զույգին կունենամ՝ և լավ ընտանիք, և երեխաներ:

-Չե՞ք վախենում Ձեր անձնական կյանքը հանրային դարձնելուց:

-Ոչ, չեմ վախենում, որովհետև ես այն այնքան էլ ի ցույց չեմ դնում:

-Մարդիկ, ովքեր հետևում են սոցիալական կայքերում Ձեր տեղադրած հրապարակումներին, նկատել են, որ ամեն օր քնելուց առաջ Դուք հրապարակում եք ձեր նվերները՝ կոնֆետների, ծաղիկների, խաղալիքների տեսքով: Չե՞ք վախենում, որ կկորցնեք հետաքրքրությունը Ձեր նկատմամբ:

- Ես նույնպես մտածել եմ այդ ուղղությամբ: Հնարավոր է, որ այն 50 տոկոսով զրկում է ինձ անհասանելի լինելուց, բայց մնացած 50 տոկոսը, որոնք սիրում են ինձ, ուզում են տեսնել հասարակ, ինչպիսին իրենք են: Որպեսզի ինձ սիրեն, պետք է ավելի մոտ լինեմ ժողովրդին: Մարդիկ դա ավելի շատ են գնահատում, քան այն աստեղերին, որոնք անհասանելի են:



-Ի՞նչն է Ձեզ համար կյանքում ամենակարևորը:

-Երջանկությունը: Իմ պարագայում դա բեմն է, աշխատանքը, երկրպագուների հետ ունեցած շփումը: Իհարկե, գալիս է ժամանակ, երբ ուզում ես սիրել, և ես համոզված եմ, որ շուտով դա էլ կլինի, իսկ հիմա ես այդ մասին չեմ մտածում:

-Եվա Ռիվասը սկանդալայի՞ն երգչուհի է:

-Ոչ մի սկանդալ ինքս չեմ մտածում և չեմ էլ փորձել թաքցնել այն սկանդալները, որոնք տեղի են ունեցել իմ կյանքում: Ես համարում եմ, որ հարկավոր չէ ստել, պետք է լինել այնպիսին՝ ինչպիսին կաս, իսկ նրանք, ովքեր նման սկանդալների պատճառով հեռանում են, անկախ ամեն ինչից կանեն դա:

-Ինչպե՞ս են Ձեր ծնողները վերաբերում Ձեր իմիջին, նրանք ամեն ինչ գիտե՞ն Ձեր մասին:

- Անձամբ ես մայրիկիս ամեն ինչ պատմում եմ, նա ամեն ինչ գիտի: Լինում են դեպքեր, երբ նա չի ընդունում իմ ապրելակերպը, բայց ոչ էլ ստիպում է փոխել այն. փորձում է ամենուրեք լինել իմ կողքին: Իսկ հայրիկս գիտի միայն այն, ինչ մայրս ճիշտ է գտնում, որ նա պետք է իմանա:

-Դուք Ձեզ համարո՞ւմ եք վուլգար: 

-Վուլգար բառը իր մեջ ներառում է տարբեր հասկացողություններ: Կարող եմ ասել, որ ես ընդունում եմ իմ արտաքինի վերաբերյալ թե նկատողությունները և թե կոմպլիմենտնեը: Ես ինձ դուր եմ գալիս այնպիսին, ինչպիսին կամ և համարում եմ, որ գայթակղիչ եմ: Հիմա ես գինու նման եմ, տարիները ինձ դարձնում են էլ ավելի համեղ և գեղեցիկ:


 

Տարիները ինձ դարձնում են էլ ավելի համեղ և գեղեցիկ. Եվա Ռիվաս