.jpg)
«Քեսաբի դեպքերը խիստ անդրադարձան հատկապես Հալեպում ապրող հայերի վրա»
Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը ով Հայատան է ժամանել Սիրիայի Հալեպ քաղաքից, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը պետք է անցնի լուրջ գործողությունների պլանին ու գերտերությունների ձեռքով Թուրքիայի «թաթը կտրի»: Նա նշեց, որ անմիջական մասնակից է եղել Սիրիայի գործողություններին և իր աչքերով է տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ:
Նա նշեց, որ սիրիահայերը Սիրիայի օրինական քաղաքացիներ են և Սիրիայի ժողովրդի բարեկամը:
«Այդ բարեկամությունը շատ խորն է ու վաղեմի պատմություն ունի: Սիրիայի մերօրյա տագնապի մեջ սակայն, շատ շուտ երևան եկան այն ուժերը, ովքեր փորձում են ոչ միայն խափանել այդ բարեկամությունը, այլև սպառնալիք են դարձել սիրիահայերի համար: Առաջին իսկ օրվանից Թուրքիան միջամտություններով հանդես եկավ, և արտասահմանյան մի շարք պետությունների հետ համագործակցելով, բազմաթիվ ահաբեկիչներ մտցրեց Սիրիա: Այդ օրերին առաջին հերթին վտանգվեց Հալեպի հայ համայնքի անվտանգությունը: Գլխավորապես տուժեցին այն թաղամասերը, որտեղ ապրում էր հայ գործարար հատվածը: Այդ շրջանների հայերը բոլորը տեղափոխվել են: Մի մասն այսօր Լաթաքիայում է, իսկ մի մասն էլ գաղթել է արտասահման, Երևան, Լիբանան ու այլ երկրներ»,- իր հիշողություններով կիսվեց նա:
Նրա խոսքով՝ այսօր ահաբեկիչները հիմնականում կենտրոնացած են Հալեպի 3 թաղամասերի վրա՝ Նոր Գյուղ, Սուլեյմանի ու Վիլաների թաղամաս, որտեղ և տեղափոխվել է հայության մեծ մասը:
«Անցնող 3 տարիների ընթացքում մեծ թվով հայեր են տուժել: Այդ արվարձանների թաղամասերում բոլոր եկեղեցիները, դպրոցները, մշակութային կենտրոններն ու մանկապարտեզները ավերվել են: Նույնը տեղի է ունեցել նաև հյուսիսային Սիրիայի մյուս փոքրիկ գաղութներում: Մեկ տարի առաջ ամբողջովին տեղահանվեցին պատմական գյուղերից մեկի բնակիչները, որոնց մի մասը հասավ մինչև Քեսաբ: Դրանից հետո դեպքերը շարունակվեցին Քեսաբում, որին արդեն հաջորդեց նաև մյուս հարակից գյուղերի հայաթափումը՝ Արամո և ևս 10 գյուղեր»,- շարունակեց սիրիահայը՝ նկատելով, որ այսօր շուրջ 2000 հայեր, ովքեր հիմնականում հաստատվել էին Քեսաբում ու հարակից շրջաններում, դարձել են գաղթականներ ու տեղափոխվել Սիրիայի հարավային շրջաններ, ուր ավելի ապահով էր, սակայն վերջին օրերին վիճակն էլ ավելի է սրվում նաև այնտեղ:
«Գնալով վիճակը սաստականում է: Բայց արտաքին աշխարհը չի ուզում միջամտություն ցուցաբերել: Շոշափելի ոչինչ տեսանելի չէ: Քեսաբի դեպքերը խիստ անդրադարձան հատկապես Հալեպում ապրող հայերի վրա, որտեղ իրավիճակն էլ ավելի սաստկացավ: Զոհերի ու վիրավորների թիվը հասնում է ողբերգական չափերի: Քարուքանդ են եղել հայկական մեծ թաղամասերը: Նոր Գյուղում հիմնականում հաստատված են Կիլիկյան Հայաստանի գաղթականները: Վերջին 2-3 օրերի ընթացքում լարված է հատկապես այդ շրջանի կենտրոնական հատվածը: Քանդվել են Նոր Գյուղի բոլոր ազգային հաստատությունները՝ Հայ Կաթողիկե եկեղեցին, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և այլ հոգևոր ու մշակութային կենտրոններ: Վիճակն օրհասական է: Բազմաթիվ հայ ընտանիքներ չեն կարողանում տեղափոխվել ավելի ապահով վայրեր, թեև մեծ մասն արդեն տեղահանվել է: Այդ ընտանիքներն ունեն ոչ միայն ապրելու, այլև սնունդի խնդիր: Տեղի հայերը մտահոգություն են հայտնել, որ այս մասին չենք բարձրաձայնում»,- շարունակեց Չոլաքյանը՝ նշելով, որ մեր լռությունը կարող է խիստ անդրադառնալ այդ ընտանիքների վրա:
Նա նշեց նաև, որ սիրիահայ գաղութը, որի սիրտն է Հալեպը, այսօր վտանգված է: Նրա խոսքով՝ Հալեպն ամբողջ Սփյուռքի մայր գաղութն է, որը անցնող տասնամյակների ընթացքում ազգային սնունդ ու մեծ թվով աշխատողներ է նվիրել Սփյուռքի գրեթե բոլոր գաղութներին:
«Հալեպի մշակութային, կրոնական, կրթական ու մյուս հաստատությունները, որտեղ մեր սերունդն է ապրում և աշխատում, այդ ամենը մոխրագնդի է վերածվում: Կարծում եմ, որ եկել է գործելու ժամանակը: Միայն գիտեմ, որ սեղանի վրա կա մեկ ճշմարտություն: Այդ ահաբեկիչները, ովքեր գալիս են Թուրքիայի կողմից, ամեն օր շատանում են: Թուրքիան դաշնակիցն է այն պետությունների, որոնց հետ Հայաստանի հարաբերությունները լավ են»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ խոսքը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասին է: Նա նշեց, որ սիրիահայերը հավատում են, որ Սիրիան օրերից մի օր կվերականգնվի և հույս ունեն, որ սիրիական հզոր բանակն այս ամենը կհաղթահարի, բայց ժամանակի հետ իրենց կորուստները բազմապատկվում են: