.jpg)
«Հանձնենք արյուն, փրկենք երեխաների կյանքը» ակցիան՝ հունիսի 12-ին
Հունիսի 12-ին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կկայանա «Հանձնենք արյուն, փրկենք երեխաների կյանքը» ակցիան, որի ընթացքում ցանկացողները կարող են արյուն հանձնել՝ երեխաներին օգնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ անդամ Լուսինե Ներսեսյանը:
Նրա խոսքով՝ ակցիայի ընթացքում հավաքված գումարը կփոխանցվի ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին:
«Մեզ օգնում են արտերկրում գտնվող ընկերները, կամավորները ակցիաներ են անցկացնում: Դիմողները շատ են, մենք ընտրում ենք անհապաղ օգնության կարիք ունեցող երեխաներին»,- ասաց Լ. Ներսեսյանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ արյունաբանական կենտրոնի բժիշկ Անդրանիկ Շամիլյանը ներկայացրեց այն պայմանները, որոնցով ընտրվում են դոնորները:
«Դոնորը պետք է չափահաս լինի, տղաների դեպքում քաշը պետք է 63 կգ-ից բարձր լինի, աղջիկների դեպքում՝ 53 կգ-ից բարձր, դեղնախտով հիվանդացած չլինեն և վերջին 3 ամիսներին բժշկական, գործիքային միջամտության ենթարկված չլինեն: Տեղում իրականացվում է բուժզննություն, որից հետո էլ թույլատրվում է արյուն հանձնել»,-ասաց նա:
Կազմակերպությունը ևս մեկ ակցիա է անցկացնելու հունիսի 8-ին, որի ընթացքում հավաքված գումարն ուղղվելու է 10-ամյա Սերյոժա Ղշյանի բուժմանը: Սերյոժան գլխուղեղի կիստա ունի ու մի քանի անգամ վիրահատվել է Հայաստանում, այժմ ճառագայթման փուլ պետք է անցնի:
Սերյոժայի մայրը՝ Հերմինե Մնեյանը ասաց, որ երեխայի վիրահատությունը իրականացվել է բարեգործների շնորհիվ, սակայն այժմ Գերմանիայում ճառագայթում անցնելու համար գումար է անհրաժեշտ: