Փաստաբան. Ցավում եմ, որ ՀԱԿ-ի անդամը այսօր այդպես է իմ հետ վարվում
06/06/2014 19:51

Փաստաբան. Ցավում եմ, որ ՀԱԿ-ի անդամը այսօր այդպես է իմ հետ վարվում

Ես, որ այդքան սրտացավությամբ եմ մասնակցել ՀԱԿ-ի գործերին և ունեցել եմ այդքան պաշտպանյալներ, ուղղակի ցավում եմ, որ ՀԱԿ-ի անդամը այսօր իմ հանդեպ այդպես է վարվում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի կողմից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին դիմում ներկայացնելուն:

Փաստաբանի խոսքով՝ 3 մլն դրամը, որը փոխանցվել է որպես գրավ, եղել է իր գումարը, որը նա վճարել է և հետո հետ ստացել:

Հարցին՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վ. Էլբակյանը ասել է, որ դա եղել է պարտքով տրված գումար, Վ. Էլբակյանը պատասխանեց. «Ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Դա ես եմ մուծել, հետո էլ հետ եմ ստացել: Քանի որ այս հրապարակումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, ես առաջիկայում հայտարարությամբ հանդես կգամ, կամ էլ մամուլի ասուլիս կհրավիրեմ»:

Հիշեցնենք, որ «Հրապարակի» տեղեկություններով՝ ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը բողոք է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին ընդդեմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի, որը պաշտպանել է ակտիվիստի շահերը: Արտակ Կարապետյանն այն ՀԱԿ ակտիվիստների թվում էր, ով 2011-ին Կարապի լճի մոտ բախում ունեցավ ոստիկանների հետ, Տիգրան Առաքելյանի ու մյուսների հետ քրեական հետապնդման ենթարկվեց: Հետագայում կալանքը փոխարինվեց գրավով` 3 մլն դրամի չափ:

Ըստ «Հրապարակի»՝ մինչ օրս Ա. Կարապետյանը չի կարողանում ետ ստանալ գրավի գումարը, որը պարտքով վերցրել էր հարազատներից և որ պետությունը ետ է վերադարձնում դատական գործընթացից հետո: Նա վստահեցնում է, որ գումարը դուրս է գրել իր շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Ա. Կարապետյանը նշել է. «Կնոջս հայրը ճշտեց, որ գումարը դուրս է գրված բանկից և Վարդուհի Էլբակյանը մոտ մեկ ամիս առաջ ստացել է այն»: Ա. Կարապետյանը փորձել է պարզաբանումներ ստանալ Վ. Էլբակյանից, բայց ի պատասխան անհասկանալի պատճառաբանություն է ստացել, թե ՀԱԿ-ն իրեն գումար էր պարտք և այդ գումարը նա վերցրել է պարտքի դիմաց: