Վ. Ավետիսյանի գործով դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է և հեռացավ
06/06/2014 18:31

Վ. Ավետիսյանի գործով դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է և հեռացավ

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով վերսկսված դատական նիստը հետաձգվեց: Դատարանի դահլիճում գտնվող «Նախախորհրդարանի» անդամներից մեկը ասաց, որ դատավորին փոխանցելու բան ունի և պարզեց գրություն, որ դատավորի աչքերը «կապել են փալասով, ձեռքից կախել են ժանգոտ կշեռք, արդարություն ես դու կույր ու վախկոտ»։

Դատական կարգադրիչները երիտասարդին հեռացրեցին նիստերի դահլիճից, ինչից հետո ազատազմարտիկները սկսեցին պահանջել ազատ արձակել Վ. Ավետիսյանին, որից հետո դատավորը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է և հեռացավ նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով):

Ըստ Վ. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ա. Մ.-ի որդի Ա. Մ.-ին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ա. Մ.-ից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Մ.-ն հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 Հոդվածի 2 Մասի 5 կետի և 178 Հոդվածի 2 Մասի 2.5 կետի հատկանիշներով:

Նախորդող հրապարակում՝ Դատավորը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Վ. Ավետիսյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց 

Վ. Ավետիսյանի գործով դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է և հեռացավ