Կոտայքի մարզպետը ներողություն է խնդրել բնապահպաններից
07/06/2014 13:10

Կոտայքի մարզպետը ներողություն է խնդրել բնապահպաններից

ՀՀ Բնապահպանության նախկին նախարար, ներկայումս Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը ներողություն է խնդրել բնապահպաններից՝ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունից.

«Հարգելի բնապահպաններ,
Ես իրոք ափսոսանք եմ հայտնում, որ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ձեզ հետ մեր հարցուպատասխանը վերածվեց վիճաբանության: 

Երկխոսության կառուցման ու քաղաքակիրթ բանավեճի ծավալման մշակույթի ու փորձի պակասը, ցավոք սրտի, հանգեցրեց մի իրավիճակի, որի արդյունքում հնչեցին անհիմն մեղադրանքներ և կոշտ արձագանքներ:

Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:

Ես դրական եմ վերաբերվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմանը և գնահատականին՝ նկատի ունենալով, որ վերջապես սահմանվեց և դրվեց այն նշաձողը, որը վերաբերվում է քաղաքացիների հետ շփվելիս քաղաքական գործիչների, կառավարության անդամների, պաշտոնատար անձանց հանրային վարքագծին: Դրանով դուրս բերվեցին այն չափանիշները, որոնցով այսուհետ պետք է գնահատվի հանրային ծառայողի, պետական պաշտոնյայի վերաբերմունքը և դրա հարգալից լինելը:

Կարծում եմ այս որոշումը կարևոր է նաև նրանով, որ ընդգծվեց պաշտոնատար անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց հետ հարաբերվելու որոշակի վարքագծային կանոններ է թելադրում նաև հասարակության անդամներին:

Ես լիահույս եմ, որ հասարակության անդամները ևս կգնահատեն փոխադարձ հարգանքի վրա քաղաքացի-պաշտոնյա շփումների նոր մշակույթի ձևավորմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը, և Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված մոտեցումները համատեղ կյանքի կկոչենք»,- ասվում է Արամ Հարությունյանի տարածած հայտարարությունում: 

Նախորդող հրապարակումներ՝ Նախարարը՝ ակտիվիստին. «Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ». Azatutyun.am

 Նախկին նախարարը թույլ է տվել խախտում. Էթիկայի հանձնաժողով

 

Կոտայքի մարզպետը ներողություն է խնդրել բնապահպաններից