Բեռնար Շալանդ. «Տղաները պայքարեցին, փորձեցին, բայց...»
07/06/2014 15:09

Բեռնար Շալանդ. «Տղաները պայքարեցին, փորձեցին, բայց...»

Գերմանիա-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

- Պարոն Շալանդ, 1:1 հաշվի ժամանակ Դուք ցանկանում էիք Արթուր Սարկիսովին դուրս բերել ասպարեզ, սակայն 4-րդ պաշտոնյան չթողեց: Ի՞նչ էր պատահել:

- Ծիծաղելի իրավիճակ էր, կարծես կրկես լիներ: Գուլպաների հետ կապված միլիմետրերի խնդիր կար, ընդամենը միլիմետրերի: Բայց ինձ համար պարզապես ծիծաղելի էր այդ ամենը: Բայց դա չէ պարտության պատճառը: Մենք մեծ հարգանքով ենք վերավերում Գերմանիային, սակայն այդ դրվագն ինձ հունից հանեց. դա անթույլատրելի է ֆուտբոլում:
Մենք այդ ժամանակ նոր ուժերի կարիք ունեինք, սակայն չորրորդ պաշտոնյան չթույլատրեց փոփոխություն կատարել:

- Կա՞ր հավաքականում այսօր ֆուտբոլիստ, ով, ըստ Ձեզ, պատրաստ չէր նման խաղի կամ սպասվածից վատ խաղաց:

- Սա ընդհանուր խնդիր է, կոլեկտիվ խնդիր է: Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք ու լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական և միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք:

- Կենտրոնական պաշտպաններից վերջին երեք խաղում խաղալու հնարավորություն չստացավ միայն Խաչատուրովը: Արդյոք նա դեռ պատրա՞ստ չէ՝ հանդես գալու հավաքականում:

- Մարզումների ժամանակ մենք նրան դիտել ենք, փորձարկել ենք, և արդյունքները լավը չէին:

- Դուք նշել էիք, որ ցանկանում եք ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնել՝ մինչև Դանիայի ընտրանու հետ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը: Արդյոք դա հնարավո՞ր է՝ հաշվի առնելով այն, որ ՖԻՖԱ-ի օրացույցում ազատ տեղ չի մնացել:

- Ցանկություն ունենք, սակայն ՖԻՖԱ-ի օրացույցի հետ կապված խնդիր կա: Մեզ մնում է միայն բավարարվել ներքին ինչ-որ հանդիպումով: